Պուտինը և ալ-Շարաան չեն քննարկել Ասադին Դամասկոսին արտահանձնելու հարցը

Քաղաքականություն

29.01.2026 | 16:28

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի կայացած բանակցությունների ընթացքում չեն քննարկել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին Սիրիա արտահանձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Պուտինը և ալ-Շարաան նախորդ օրը բանակցություններ են վարել Կրեմլում։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, սակայն բանակցությունների հիմնական թեման երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն են եղել, ասել է Պեսկովը։

«Երեկ տեղի ունեցած բանակցությունները հիմնականում նվիրված էին երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը։ Ներուժը բավականին մեծ է, կա փոխադարձ հետաքրքրություն։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին, այս թեման բանակցությունների օրակարգում էր»,- ասել է նա։

Բաշար ալ-Ասադը Ռուսաստան է փախել այն բանից հետո, երբ այն ժամանակ զինված ընդդիմությունը 2024 թվականի նոյեմբերի վերջին հարձակում սկսեց կառավարական դիրքերի վրա և դեկտեմբերի սկզբին մտավ Դամասկոս։ Ալ-Շարաան Սիրիայի անցումային նախագահ է նշանակվել 2025 թվականի հունվարի վերջին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment