Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման հարցում և պատրաստակամ ենք ընդլայնել գործնական տնտեսական համագործակցությունը Բուլղարիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում», – նշել է Գևորգ Պապոյանը։

624091334_1333192805516766_4391014029001972739_n.jpg (106 KB)

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ տնտեսության ոլորտի առաջնահերթություններին՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման կարևորությունը, տեղական արտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը և դրա համապատասխանեցումը Եվրոպական միության չափանիշներին։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

101 դիտում

Leave a Comment