Փաշինյանը՝ կաթողիկոսի մասին․ «Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից հանելու համար»

Փաշինյանը՝ կաթողիկոսի մասին․ «Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից հանելու համար»

29 հունվարի 2026 – 16:11 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն

«Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ։ Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը:

Այն դիտարկմանը, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ ամբիոնիցհայտարարել է, թե «հոգևորականները Հայաստանում ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին սպանելու կոչեր են արել», մինչդեռ չկա դեռևս դատական ակտ, Փաշինյանն ասել է, որ «կան փաստեր»։

Հարցին, թե ինչպես մեկնաբանել այն փաստը, որ երբ Վեհափառ հայրապետը կարգալույծ է անում որևէ հոգևորականի, իշխանական շրջանակներից որոշ գործիչներ հայտարարում են, թե նա շարունակում է իր ծառայությունը, իսկ այդ նույն տրամաբանությամբ հնարավոր չէ՞, որ որոշ մարդիկ էլ չընդունեն վարչապետի և կառավարության լեգիտիմությունը՝ ասելով, որ դուք իշխանություն չեք, Փաշինյանը պատասխանել է, որ կարող են փորձել:

«Թող փորձեն։ Մենք ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Leave a Comment