Նախարարը գնահատել է առողջության ապահովագրության մեկնարկը՝ արտակարգից՝ դեպի լարված

Նախարարը գնահատել է առողջության ապահովագրության մեկնարկը՝ արտակարգից՝ դեպի լարված

29 հունվարի 2026 – 15:06 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընթացիկ վիճակը՝ ընդգծելով, որ արտակարգից անցում է կատարվել դեպի լարված աշխատանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե արդյոք այս պահի աշխատանքային ռեժիմը կարելի է գնահատել պլանային, արտակարգ, թե լարված, հայտնում է Panorama.am-ը:

«Լարված, արտակարգից՝ դեպի լարված։ Առաջին օրվանից արտակարգ ռեժիմով աշխատել ենք։ Արտակարգ իրավիճակ չենք ունեցել, բայց աշխատանքային ռեժիմը եղել է արտակարգ»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տալիս, որ անցել են ավելի առօրյա աշխատանքի:

«Վերջին մեկ շաբաթվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցել ենք ավելի ռուտինային աշխատանքային գրաֆիկի: Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից։ Մենք բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք, բոլոր հետադարձ արձագանքները կապված բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մանրակրկիտ, միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք», – ասել է Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրել է տվյալներ ապահովագրական այցերի վերաբերյալ․ հունվարի 29-ի՝ առավոտյան 10։00-ի դրությամբ գրանցվել է 255, 234 ապահովագրական այց։ Դրանցից 231, 993-ը եղել են ամբուլատոր, 20, 875-ը՝ հոսպիտալային, 1390-ը՝ ցերեկային ստացիոնար, իսկ 976-ը՝ շտապօգնության ծառայությունների շրջանակում։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

Leave a Comment