29 հունվարի 2026 – 15:07 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մասնակցությամբ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի։
Ցուցուլյանը հանձնարարել է ուժեղացնել գործողությունները մի քանի հիմնական ուղղությամբ՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքար, ինչպես նաև կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտում։
Նիստի ընթացքում առանձնահատուկ կարևորում է ստացել հանցագործությունների կանխման և նախականխման նպատակով վերլուծական և օպերատիվ-գործառնական միջոցառումների շարունակական իրականացումը։
Միաժամանակ, հատուկ ուշադրություն է պահանջվել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների նկատմամբ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը, որից հետո քննարկվել են նաև համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Ոստիկանության ղեկավար կազմը շեշտել է բոլոր մակարդակներում կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը։
Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը կոչ է արել ցուցաբերել նախաձեռնողականություն և արդյունավետ համագործակցություն՝ ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումները լավագույնս պատկերացնում են տեղային խնդիրները և պետք է հանդես գան անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված իրատեսական լուծումներով։
Նրա խոսքով, խորհրդակցության հիմնական նպատակը ոստիկանության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է, իսկ բարեփոխումները չորս հիմնական ուղղություններով պետք է միտված լինեն բացառապես պրակտիկ արդյունքների ապահովմանը։
Ոստիկանապետը նաև նշել է, որ համակարգի արդյունավետությունն ապահովվում է ստորաբաժանումների միջև փոխկապակցված և համակարգված աշխատանքով։
Ըստ Ցուցուլյանի՝ հակաիրավական արարքների կանխարգելման և արագ արձագանքման գործընթացում առաջնահերթություն պետք է տրվի գործառույթների հստակ տարանջատմանը և ուղղությունների թիրախային ու հասցեական սահմանմանը։