29 հունվարի 2026 – 14:18 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ-ից ՀՀ նկատմամբ հիբրիդային պատերազմի մասին խոսակցություններին` բերելով ԱՄՆ օրինակը և նշելով, որ Հայաստանի վրա ազդելու ՌԴ լծակները հստակ են:
«Մենք ընդունում ենք, որ ԱՄՆ-ն կարող է այս քաղաքականությունը վարել (տարիֆների բարձրացման), բայց մեր մտքով չի անցնում, որ ՌԴ-ն կարող է նման բան անել, որովհետև ՌԴ-ն իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ չենք պատկերացնում, թե կարող է անել։ Բայց ՌԴ լծակները՝ մեզ վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու, հստակ են։
Նման մի քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ՝ պրոբլեմ է, որովհետև մեր գյուղարտադրանքը, բացի ՌԴ-ից, այլ տեղ չի գնում։ Մի պահ պատկերացրեք, որ ՌԴ-ն հիբրիդային պատերազմի շրջանակներում այդ քայլին դիմի», – ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Քոչարյանը շեշտել է, որ Թրամփը չի մտածում, թե մեքսիկացիները կամ կանադացիները ինչ են մտածում, երբ ինքը մաքսատուրքերը բարձրացնելու սպառնալիք է հնչեցնում:
«Իր ձեռքին ինչ լծակ կա, կիրառում է», – ասել է նա։
Նախկին նախագահը ընդգծել է նաև, որ Հայաստանի խոշոր հարկատուներից շատերն իրենց գործունեությունը կառուցում են Ռուսաստանի շուկայում և հենց այդ շուկայի հետ կապերի շնորհիվ են եկամուտ ստանում։
«Մի հատ սենց բանով կարան դրանց մուտքը ՌԴ փակել։ Ճիշտ հասկացեք իրավիճակը։ Եթե փորձեն նման բան անել, առաջինն եմ խնդրելու՝ իմ կապերով, որ չանեն նման բան։ Բայց ես նաև պրագմատիկ հասկանում եմ՝ ինչ կարգի ազդեցություն կարող են ունենալ», – նշել է Քոչարյանը։
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններին՝ Քոչարյանն ասել է, որ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն այդ կառույցից:
«ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես։ ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ պետություններից բացի Ռուսաստանից, բոլորն Ադրբեջանի հետ ունեն ավելի սերտ կապեր, քան Հայաստանի հետ, ինչը լուրջ մտահոգության պատճառ է։
«Իրականում, ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ։ Սա արդեն խնդիր է մեզ համար», – ընդգծել է նա։
Քոչարյանը նաև նշեց, որ Հայաստանը ոչ միայն չի խուսափել սխալներից, այլև սեփական քայլերով է նպաստել այդ վիճակի խորացմանը։
«Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ։ Հակառակը, արել ենք ամեն ինչ, որպեսզի այս պատկերը ստեղծենք։ Դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն», – ասել է Քոչարյանը։
2024-ի փետրվարին հայտնի է դարձել՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին հայտարարել է, որ ՀՀ-ն չի բացառում դուրս գալու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ-ը չտա հստակ պատասխան այն հարցին, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ իր պատասխանատվության գոտին համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը։ Հունիսի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է դառնալ հաջորդ տրամաբանական քայլը։
Սեպտեմբերի 18-ին վարչապետը հավելել է՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում մոտեցել ենք անդառնալի փուլին՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե սպառնալիք է, այլ ստեղծված է իր անդամների ինքնիշխանությունն ապահովելու համար։