Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում՝ քաղաքային առօրյային հաղորդելով առանձնահատուկ տրամադրություն։ Հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Այս օրերին մետրոպոլիտենը կվերածվի յուրօրինակ երաժշտական հարթակի։
Տիգրան Մանսուրյանը ժամանակակից հայ երաժշտության ամենախորքային ու ինքնատիպ արվեստագետներից է։ Մանսուրյանի երաժշտությունը չի աղմկում, այն լսվում է ներսում՝ հիշողության, խոհի ու զգացողության սահմաններում։
Ազգային արմատներին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համաշխարհային մտածողությամբ, նրա արվեստը կամուրջ է անցյալի և ներկայի, հայկականի ու համամարդկայինի միջև։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն՝ մաքուր, ճշգրիտ ու անկեղծ, լսողին տանում է ներքին խաղաղության և խոր մտորումների ուղիով։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։