«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են գումար տվել. Փաշինյանը՝ օրաթերթը ֆինանսավորելու մասին


«Հայկական ժամանակ» օրաթերթն ինչ-որ մի ժամանակահատվածում եղել է ՀՀ-ի ամենամեծ տպաքանակն ունեցող, ամենամեծ պահանջարկն ունեցող, ընթերցողների ամենալայն զանգվածն ունեցող թերթը: ՀՀ-ում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել, և, բնականաբար, պետք էր այդ ռեսուրսներից օգտվել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ժամանակին Միքայել Մինասյանն ինչպես է ֆինանսավորել «Հայկական ժամանակ» թերթը:


Ի տարբերություն մյուս թերթերի՝ «Հայկական ժամանակի» 1 համարի 100 դրամից, ըստ Փաշինյանի, վաճառող ընկերությունն ստացել է 30 դրամ, մյուս թերթերը ստացել են 10, 20, 25 դրամ, հետևաբար Փաշինյանը կարծում է՝ տվյալ դեպքում ոչ թե «Հայկական ժամանակին» են «փող տվել», այլ «Հայկական ժամանակն» է «փող տվել», և որ դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում:


««Հայմամուլ» էր կոչվում, թե ինչ էր կոչվում, Հայաստանի բոլոր թերթերը վաճառվել են այդ համակարգի միջոցով: Բացարձակապես բոլոր թերթերը: Միայն «Հայկական ժամանակը» չի ունեցել, էլի են եղել նման պայմանագրեր, բայց եթե նույնիսկ միայն «Հայկական ժամանակն» է ունեցել, «Հայկական ժամանակը» եղել է շուկայի թիվ 1 թերթը, և, բնականաբար, շատերն են ուզեցել պայմանագիր կնքել «Հայկական ժամանակը» վաճառելու և դրա արդյունքում շահույթներ ստանալու:


Հետևաբար «Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են գումար տվել, և դա արտահայտված է հաշվապահական թղթերում, վճարված հարկերով, հաշվապահական հաշվետվություններով և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը և հորոդորեց մոնիտորինգ անել՝ պարզելու, որ «Հայկական ժամանակը» նաև չի ունեցել որևէ մարդու մասին չգրելու վերաբերյալ որևէ կաշկանդվածություն:


 

Leave a Comment