Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսելով Ադրբեջանի հետ տնտեսական կապերի թեմայի վերաբերյալ, ներկայացրեց դեռեւս իր նախագահության ընթացքում Հեյդար Ալիեւին արած առաջարկ, որ Հայաստանում Լինսի հիմնադրամի ծրագրով ճանապարհաշինության բիտումը Հայաստանը գնի Ադրբեջանից: Ալիեւը ասել է, որ վատ միտք չէ, բայց ինքը Ադրբեջանում կարժանանա քննադատության:
Հետաքրքիր թեմա է:
Նախ, հիշեցնեմ, եւ տելեգրամյան ալիքի իմ բաժանորդներն ու հետեւորդները կմտաբերեն, որ ես պարբերաբար անդրադարձել եմ այս թեմային եւ հիշատակել, որ Հայաստանը դեռեւս այդ շրջանում՝ 2000-ականների սկզբին, մի քանի անգամ արտահայտվել է տնտեսական գործակցություն սկսելու մասին, դա դիտարկելով նաեւ հակամարտության հետ կապված քաղաքական կարգավորման հեռանկարին նպաստող գործոն:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի մերժմանը, ապա կարծում եմ պաշտոնական Բաքվում ոչ այնքան «վախեցել» են ներքին քննադատությունից, այլ այն հանգամանքից, որ տնտեսական գործակցությունը կլիներ մթնոլորտ մեղմող գործոն, որը Ադրբեջանին կկաշկանդեր հետագայում իր առավելապաշտական-մարտաշունչ քաղաքականությունը կառուցելու հարցում:
Այլ կերպ ասած, Բաքվում այս սխեման դիտարկել են հայկական «փափուկ ուժի» տրամաբանությամբ, եւ մերժել թերեւս հենց այդ պատճառով:
Ինչպես նշել եմ այս օրերի բենզինային պատմությունների մասին, դրանք Ադրբեջանի «փափուկ ուժի» տարածում են Հայաստանի վրա»: