Նիպա մահացու վիրուսից պաշտպանվելու համար ասիական երկրներն օդանավակայաններում խստացումներ են անում

Հնդկաստանում մահացու Նիպա վիրուսի երկու դեպքից հետո Թաիլանդի, Սինգապուրի, Հոնկոնգի և Մալայզիայի իշխանություններին ստիպել են ուժեղացնել օդանավակայաններում ստուգումները՝ վարակի տարածումը կանխելու համար, տեղեկացնում է Reuters-ը:

Հնդկաստանում վարակի դեպքերը հաստատվել են դեկտեմբերի վերջին: Բենգալիա նահանգում վարակված երկու անձինք բժշկական մասնագետներ են, և երկուսն էլ բուժվում են տեղական հիվանդանոցում, Reuters-ին հայտնել է շրջանի առողջապահության պատասխանատուն:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, նրանցից որևէ մեկի մոտ այս պահին ախտանիշներ չկան:

BBC-ն գրում է, որ հարավարևելյան Ասիայի հարևան երկրները, Նեպալը և Հոնկոնգը սկսել են հատուկ քայլեր ձեռնարկել՝ իրենց տարածքում վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում հայտարարել են, որ Հնդկաստանից ժամանող ուղևորների համար օդանավակայանում ջերմաստիճանի ստուգում կկազմակերպվի։ Հոնկոնգի օդանավակայանում ևս կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվել:

Չինաստանը և Նեպալը ևս հայտարարել են առողջապահական միջոցները վարակված տարածքներից երկիր ժամանողների համար խստացնելու մասին։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Նիպան համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը: Աշխարհում 2025-ի տարեվերջի տվյալներով՝ գրանցվել է Նիպայի 750 հաստատված վարակ, 415-ը՝ մահվան ելքով։

Փոքր բռնկումները անսովոր չեն, և վարակաբաններն ասում են, որ ընդհանուր բնակչության համար ռիսկը մնում է ցածր: Մի քանի պատվաստանյութեր մշակման փուլում են, բայց դեռ փորձարկվում են:

Վիրուսը կարող է առաջացնել ջերմություն և ուղեղի բորբոքում, իսկ մահացության մակարդակը 40% -ից 75% է: Չնայած այն կարող է փոխանցվել մարդուց մարդ, փոխանցման գործընթացը հեշտ չէ և սովորաբար պահանջում է երկարատև շփում վարակված անձի հետ: Ամենից հաճախ վիրուսը մարդկանց փոխանցվում է վարակված չղջիկներից կամ դրանցով վարակված մրգերից:

Leave a Comment