28 հունվարի 2026 – 16:58 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է երկու արտահերթ խորհրդարանական ընտրություն, որոնք ստացել են թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային շրջանակում ճանաչում՝ որպես ազատ և արդար: Ըստ նրա՝ դա ցույց տվեց, որ քաղաքացիների կամքը պետք է ճշգրիտարտացոլվի քվեատուփերում:
«Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար սա կարևոր իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում: Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Միրզոյանը հայտարարել է, որ ազատության թշնամիները քնած չեն:
«Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սցենարների համար և նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների: Նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության և ժողովրդավարության համար և նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավար: Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն»,- ասել է նա:
ԱԳ նախարարը ընդգծել է, որ նման պայմաններում առաջ է գալիս կարևոր երկընտրանք՝ ազատ խոսքի պաշտպանության ու միաժամանակ նրան սպառնացող վնասակար ուժերի դեմ անխնա պայքարի միջև։ Նրա խոսքով՝ կան գործիչներ, որոնք նպատակ ունեն խարխլել հանրության վստահությունը թե՛ ժողովրդավարական համակարգի, թե՛ ողջ հասարակության նկատմամբ, և այդ վտանգը, ըստ Միրզոյանի, կաճի հատկապես առաջիկա ընտրությունների ժամանակ։
«Բայց ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չենք հաջողելու: Մեր հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, թե ժողովրդավարությունը պաշտպանելու համար հենվելու են ժողովրդավարական գործիքների վրա:
«Մենք կլինենք թե՛ շրջահայաց, թե՛ վճռական մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հետ: Մենք կապահովենք, որ այս ընտրությունները ծառայեն որպես ժողովրդավարական դիմակայունության ապացույց»,- ասել է նա:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: