Թուրքիայում Իրանի լրտեսական ցանց է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել է

Քաղաքականություն

28.01.2026 | 16:59

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և ոստիկանության համատեղ գործողության միջոցով Իրանի հետախուզության անունից գործող և Ինջիրլիքի ավիաբազան թիրախավորող բջիջ է վերացվել, գրում է թուրքական Sabah-ը։

Նշվում է, որ հինգ նահանգներում, որոնց կենտրոնը Ստամբուլն էր, գործողությունների ընթացքում ձերբակալվել են պաշտպանական արդյունաբերության ընկերությունների սեփականատերեր Էրհան Էրգելենը և Թաներ Օզջանը, տեքստիլ արտադրողներ Ջեմալ Բեյազը, Ռեմզի Բեյազը, Ալիջան Քոչը և Իրանի քաղաքացի Աշքան Ջալալին։ Ստամբուլի քրեական դատարանը բոլոր վեց անձանց կալանավորել է՝ «քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետական ​​գաղտնիքներ ձեռք բերելու» մեղադրանքով։

Հետաքննությունը պարզել է, որ խումբը գլխավորել են Իրանի հետախուզության աշխատակիցներ Նաջաֆ Ռոստամին («Հաջի») և Մահդի Յեքեհ Դեհղանը («Բժիշկ»): Պարզվել է, որ Ռոստամին Վանում բնակվող Ալիջան Քոչին հանձնարարել է Ադանայի Ինջիրլիքի ավիաբազայում լուսանկարներ և տեսանյութեր անելու համար անձանց գտնել:

Պարզվել է, որ Անկարայում բնակվող իրանցի Աշքան Ջալալին ծրագրել է իր «Bulaq Robotics» և «Arete Industries» ընկերությունների միջոցով Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր տեղափոխել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն և Կիպրոս։ Պարզվել է նաև, որ Ջալալին և Քոչը 2025 թվականի օգոստոս-սեպտեմբերին Իրանում մասնակցել են անօդաչու թռչող սարքերի օգտագործման հատուկ վարժանքների։

Պարզվել է, որ Էրհան Էրգելենը և Թաներ Օզջանը 2025 թվականի հոկտեմբերին մեկնել են Իրան և մասնակցել Կիպրոս անօդաչուների առաքմանը: Ռեմզի Բեյազն իր ցուցմունքում նշել է, որ ստացել է այլախոհների մահապատիժներ իրականացնելու առաջարկ: Պարզվել է, որ ցանցն իր գործունեությունը ֆինանսավորել է անօդաչու թռչող սարքերի առևտրի քողի տակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment