Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։
Նախարար Միրզոյանը իր խոսքում անդրադարձել է նախորդ 25 տարիների համագործակցության կարևոր կետերին։ «Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով։ Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցության փորձը վկայում է մեր հաստատակամ հանձնառության մասին՝ իրականացնելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուները: Այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում՝ բարձրացնելով մեր դիմակայունությունը տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում և նպաստելով մեր երկրի ու ողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլականի ձևավորմանը։
12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը»,- նշել է նախարարը։
Նախարար Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Կազմակերպությանն անդամակցության 25-ամյակի կապակցությամբ պատրաստված Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։