29 հունվարի 2026 – 10:31 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ ասել է, որ միջազգային լեգիտիմությունը դրել են բանակից առաջ, հայտնում է 1lurer.am-ը:
Նա նշել է, որ առանց միջազգային լեգիտիմության հայոց բանակի բարեփոխումներն անհնար կլինեին:
«2022-ի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածություններովհայտարարել ենք՝ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա, և երկրորդը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե այդ երկու որոշումները չկայացվեին, հարգելի՛ ներկաներ, մենք բանակի բարեփոխումներից որևէ մեկն անելու հնարավորություն և առավել ևս ժամանակ չէինք ունենալու։
Բայց կարող եմ ավելին ասել, կարող է մենք նույնիսկ այսօր պետություն չունենայինք։ Եվ մենք այս փաստը շատ ուղիղ պետք է արձանագրենք։ Ընդ որում, հանկարծ տպավորություն չլինի, թե պետություն չունենալու ռիսկը ձևավորվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այդ որոշումը կայացնելու շատ կոնկրետ ամսաթիվ կա։
Գնացեք և ուշադիր կարդացեք 2016 թվականի հունվարի, 2016 թվականի հուլիսի, 2016 թվականի օգոստոսի փաստաթղթերը։ Գնացեք և ուշադիր կարդացեք որոշ նամակագրություններ, որը մենք հրապարակել ենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք միջազգային լեգիտիմությունը դրել ենք բանակից առաջ, որպեսզի բանակի ֆունկցիոնալ անվտանգության համակարգում, այսինքն, կարգաթիվը փոխենք։ Բայց մենք չենք բավարարվում սրանով»,-նշել է նա։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում: