Իրանը պատրաստ է երկխոսության, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանվի և «կպատասխանի ինչպես երբեք», հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։
«Վերջին անգամ, երբ ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով ներգրավվեց Աֆղանստանում և Իրաքում պատերազմների մեջ, ծախսեց ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7000 ամերիկացիների կյանք։ Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ վստահության և շահերի վրա, բայց եթե ստիպված լինի, կպաշտպանվի և կտա աննախադեպ պատասխան»,- դիվանագիտական առաքելության խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ։
«Առաջինը 12-օրյա պատերազմն էր, երկրորդը՝ պատերազմի ավարտից ընդամենը յոթ ամիս անց տեղի ունեցած անկարգությունները։ Մենք այժմ մտնում ենք երրորդ փուլ»,- ասել է նա և ընդգծել, որ չնայած մարտավարության փոփոխությանը՝ «նրանք այս փուլում կպարտվեն այնպես, ինչպես նախորդ երկուսում»։
Թրամփը նախկինում կոչ էր արել Իրանին բանակցել միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ հակառակ դեպքում ԱՄՆ նոր հարձակումը «շատ ավելի վատ» կլինի, քան 2025 թվականին տեղի ունեցած հարվածները։
«Հուսով եմ՝ Իրանը շուտով կգա բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի արդար և հավասար համաձայնության առանց միջուկային զենքի, որը շահավետ կլինի բոլոր կողմերին։ Ժամանակն սպառվում է, և սա իսկապես կարևոր է։ Ինչպես ասել եմ Իրանին, կնքեք համաձայնագիր»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Նա նշել է, որ Թեհրանը նախկինում անտեսել էր իր նմանատիպ կոչը, որից հետո ԱՄՆ-ն 2025 թվականի հունիսին գործողություն էր սկսել Իրանի դեմ։
«Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի։ Թույլ մի տվեք, որ դա կրկին կրկնվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա կրկնել է, որ «հսկայական նավատորմ է ուղղվում դեպի Իրան»։ Թրամփի խոսքով՝ ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը, անհրաժեշտության դեպքում՝ ուժով և բռնությամբ»։
Middle East Eye-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի դեմ թիրախային հարվածներ հասցնելու հարցը՝ միաժամանակ մեծացնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
