Վարդանյան․ Իշխանությունը պարգևավճարներով պետական աշխատողներին դարձնում է թրաֆիքինգի զոհ

Վարդանյան․ Իշխանությունը պարգևավճարներով պետական աշխատողներին դարձնում է թրաֆիքինգի զոհ

28 հունվարի 2026 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը պարգևավճարներն անվանել է իշխանության կողմից վերահսկման և հասարակության պառակտման գործիք՝ նշելով, որ իշխանությունը պարգևավճարներով «պետական աշխատողներին դարձնում է թրաֆիքինգի զոհ»: Նա այդ մասին ասել է AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած՝ կոռուպցիայի կանխարգելմանն նվիրված աշխատաժողովի ընթացքում:

նա նշել է, որ պարգևավճարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվում են հասարակության միջև անջրպետ ստեղծելու համար, հայտնում է Aysor.am-ը:

«Երբ մի կողմից ասում ես, թե թոշակառուն 10 հազար դրամն ինչ է անելու, որ ավելացնենք, իսկ մյուս կողմից թոշակառուն տեսնում է պարգևավճար ստացած որոշակի պաշտոնյաների խավ, ատելության նոր մթնոլորտ է ձևավորվում։ Սա շատ վտանգավոր է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի հիմնական նպատակը «բաժանիր, որ տիրես» սկզբունքն է։ Նա ինչպես մնացած, այնպես էլ այս ոլորտում հաջողությամբ իրականացնում է իր նպատակը»,– ասել է Վարդանյանը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ այս մեխանիզմի օգնությամբ իշխանությունը ձևավորել է պետական համակարգի աշխատողների նկատմամբ վերահսկելի կախվածություն։

«Իշխանությունները կարողանում են պետական համակարգի աշխատողներին դարձնել թրաֆիքինգի զոհ»,– ասել է Վարդանյանը։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Գալյանը նշել է, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Leave a Comment