28 հունվարի 2026 – 17:56 AMT
PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթում ասել է, որ 4 հայ գերիների վերադարձը մնացած 19 պահվող անձանց ազատ արձակման հույս է տալիս:
«Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Երևանի և Բաքվի հաշտեցման գործում: 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Նա հավելել է, որխաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված մի բան, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։
Շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ տարբեր կառույցներին ՀՀ-ի հետ աշխատանքի և ժողովրդավարության ամրապնդման համար՝ Միրզոյանն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականությանը, հետհակամարտյա կյանքին ու տարածաշրջանային զարգացումներին:
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերին՝ պատերազմից հետո, երբ փորձել են օգնություն հասցնել Արցախ։ Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Շուշի տանող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին՝ նա տարեց անձ է, որը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից մեկնել է Հայաստան՝ բուժման նպատակով։