Ուժեղ փոթորիկ Պորտուգալիայում. կան զոհեր

Ուժեղ փոթորիկ Պորտուգալիայում. կան զոհեր

Ատլանտյան «Քրիստին» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային՝ մեծ վնաս հասցնելով երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններին։

Պորտուգալիայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 5 մարդ, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, գրանցվել են հեղեղումներ, հողաթափեր և լուրջ ավերածություններ։

Փոթորկի ժամանակ քամու առավելագույն արագությունը մի շարք քաղաքներում հասել է մոտ 150 կմ/ժ-ի։ Պորտուգալիայի իշխանությունները եղանակային այս երևույթը որակել են որպես «ծայրահեղ կլիմայական երևույթ»։

Փոթորկի հետևանքով՝ փակվել են դպրոցները, վնասվել են շենքեր,  խաթարվել է տրանսպորտային կապը։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրով մեկ գրանցվել է ավելի քան 3000 միջադեպ։ Մի քանի մարդ վիրավորվել է ընկած ծառերի և բեկորների հետևանքով։

Ըստ էներգամատակարար E-Redes ընկերության՝ չորեքշաբթի օրը ավելի քան 850 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Տրանսպորտային կապը երկրով մեկ խաթարված է. ճանապարհները (այդ թվում՝ Լիսաբոնը հյուսիսին կապող գլխավոր մայրուղին) և երկաթուղային գծերը փակվել են ընկած ծառերի և բեկորների պատճառով։

Տեղական իշխանությունները Կոիմբրայի և Լեյրիայի բնակիչներին կոչ են արել մնալ տներում և չլքել բնակելի տարածքները։

Leave a Comment