Հրավիրում ենք Մոսկվա, կապահովենք նրա անվտանգությունը. Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին

Քաղաքականություն

28.01.2026 | 20:12

Ռուսաստանը պատրաստ է ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ բանակցությունների, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ Մոսկվան երբեք չի մերժել նման շփումները, եթե դրանք լավ պատրաստված լինեն և ուղղված լինեն կոնկրետ արդյունքների հասնելուն, գրում է Meduza-ն։

Ուշակովը նշել է, որ եթե Զելենսկին «իսկապես պատրաստ» լինի հանդիպման, ռուսական կողմը նրան կհրավիրի Մոսկվա։

«Մենք կերաշխավորենք նրա անվտանգությունը և անհրաժեշտ աշխատանքային պայմանները»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։

Պուտինի և Զելենսկիի միջև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններ տարածվեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում հունվարի 23-24-ը տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո, որոնք դրական արձագանքներ ստացան բոլոր երեք պատվիրակություններից։ Այդ ժամանակ Axios-ին մի աղբյուր հայտնել էր, որ կողմերը «շատ մոտ էին Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպման կազմակերպմանը»։

2025 թվականի աշնանը Պուտինը հարցազրույցի ժամանակ Զելենսկիին հրավիրել էր Մոսկվա բանակցությունների։ Զելենսկին հրաժարվել էր՝ նշելով, որ պատրաստ է Կիևում ընդունել Ռուսաստանի նախագահին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment