Կապանում տեղակայված N զորամասի ծառայողները Կապանի հուշահամալիրում հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ զորամասում՝ նշել բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։
Ամենասպասված պահը թերևս, խրախուսանքների ու պարգևատրումների պահն էր, իսկ դրանց երկու հոգի անհամբերությամբ էին սպասում։ Նրանց համար կրկնակի տոն էր․ զորացրման հրամաններն էին ստացել։
Կապանում տեղակայված N զորամասում ենք։ Հրամանատար Հակոբ Գերյանն է դիմավորում մեզ ու այլ հյուրերին, առաջարկում արագ իջնել շարահրապարակ. անձնակազմը շարված է, եղանակն էլ` ցրտոտ․ զինվորներս չմրսեն՝ ասում է հրամանատարը․
«Պարոն գնդապետ, անձնակազմը հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շարված է։ Ողջույն բոլորիդ, շնորհավորում եմ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Փառք նահատակներին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե, կեցցե, կեցցե․․․»։
Հայաստանի օրհներգն է հնչում զինվորների կատարմամբ, ու Կապանի N զորամասում մեկնարկում են տոնական միջոցառումները։ 34 տարի առաջ ստեղծվեց հայոց բանակը, ու այսօր զուտ տարեթիվ չէ, որ նշվում է. օրվա խորհուրդը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ով ենք մենք ու ինչ պարտականություն ունեք այս հողի առաջ՝ ասում է զորամասի հրամանատար Վարազդատ Զաքարյանը։
«Զինվոր լինելը պատիվ է, բայց ծանր պարտականություն է․ այստեղ կանգնած յուրաքանչյուր զինվոր պետք է հստակ հասկանա՝ ուշացումը վտանգ է, անուշադրությունը` կորուստ։ Կարգապահությունը կյանքեր փրկող ուժ է։ Բանակում մանրուքներ չկան, ամեն հրաման, ամեն հերթապահություն, ամեն վարժանք մի նպատակ ունի` պատերազմում կենդանի մնալ և հաղթել։ Հրամանատար լինելը նշանակում է մարդկանց ճակատագրի պատասխանատվություն կրել, պահանջկոտ լինել, բայց արդար, խիստ լինել, օրինակ ծառայել, որովհետև զինվորը ոչ թե հետևում է խոսքին, այլ` հրամանատարի վարքին»։
Վանաձորցի Տիգրան Ափինյանը 6 ամիս հետո տուն է գնալու։ Հրամանատարի ամեն ինչին է հետևել, ու զինվորական հագուստը ոչ թե պարտադրաբար է կրում, այլ` որպես պատասխանատվություն։
34 տարի առաջ հայոց բանակը ստեղծեցին մարդիկ, որոնք բավականին զենք չունեին, բայց կամք ու ոգի ունեին։ Հիմա այդ բանակի շարքերում իրենք են կանգնել՝ ժամկետային զինխառայողները։
Զինվոր լինելը հեշտ չէ, դա նշանակում է հեռու լինել ընտանիքից, կրել դժվարություններ ու ամեն օր հաղթահարել ինքդ քեզ։ Մենք կանգնած ենք ու վստահ ենք, որ ունենք այնքան ուժ ու ոգի, որ կհաղթահարենք ամեն ինչ։ Յուրաքանչյուր զինվոր ոչ միայն իր կյանքի համար է պատասխանատու, այլև իր կողքին կանգնած ընկերոջ կյանքի համար։ Մեր զգոնությունը պաշտպանում է դիրքը, մեր միասնականությունը ուժ է տալիս բանակին»։
Նախօրեին զինծառայողները Կապանի հուշահամալիրում հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Կապիտան Ալեքսանդր Հովհաննիսյանն է բոլորին հորդորում երբեք չմոռանալ անմահացածներին։
«Հայով բանակը ծնվել է դժվարության մեջ, կոփվել պատերազմի կրակում ու ձևավորվել նվիրյալների արյամբ ու հավատով։ Մեր բանակը միայն զենքով չէ ուժեղ, այն ուժեղ է իր զինվորով, սպայով ու աննկուն ոգով։ Այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց անունները գրված են ոչ միայն հուշարձաններին, այլ մեր խղճի մեջ, մեր պարտքի զգացման մեջ։ Նրանց հիշատակը պարտադրում է լինել զգոն, ուժեղ և միասնական»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից բանակի տոնն է շնորհավորում մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Բանակի ամրությունը բոլորից է կախված, բայց առաջին հերթին զինվորից՝ համոզված է Հայկ Հարությունյանը։
Ձայն-«Եվ այդ ամրությունը, վստահաբար, ասում է աշխարհին, որ Հայաստանը կայացած, անկախ, ուժեղ պետություն է։ Այսօր մենք, նշելով բանակի օրը, փաստում ենք, որ Հայաստանը կլինի հարատև ու անկախ, ուժեղ պետություն, ու այդ ուժը դուք եք»։
Զորամասի գնդերեց Նորայր սարկավագը կարևորում է բանակի օրհնաբեր ստեղծումը, որը տրված չէ ամեն ժողովրդի. Բանակն, ասում էր, կոչված է նաև հայրենիքի սրբությունները պաշտպանելու։
«Ինչպես Դավիթ Մարգարեն է ասում, որը Իսրայելի թագավորն էր, օրհնյալ է իմ տերը, որ վարժեցրեց իմ ձեռքերը պատերազմելու և իմ մատները` ճակատամարտելու։ Յուրաքանչյուրս այստեղ կանգնած նմանվում ենք Դավիթ Մարգարեին, երբևէ ոչ մի փորձություն, ոչ մի արգելք չպետք է կարողանա մեզ արգելել լինել հզոր բանակ, նայել դեպի ապագան, նայել դեպի տերը։ Աղոթենք, որ բարձրյալը զորացնի մեզ ու վարժեցնի մեզ պաշտպանելու մեր հայրենիքն ու սրբությունը»։
Միասնական աղոթքից հետո սպասված պահն է գալիս․ խրախուսանքներ, շնորհակալագրեր ու պարգևատրումներ։ Զորամասից երկու զինծառայող առանձնակիորեն անհամբեր էին սպասում այս պահին․ նրանք զորացրվում են՝ ընտանիքներին աչքալուսանք է տալիս հրամանատար Հակոբ Գերյանն, ու լսվում է նրա խրոխտ ձայնը․
«Երրորդ հրաձգային գումարտակից Միրզոյան Սուրիկ ու հետախուզական վաշտից Նահապետյան Աշոտ՝ ինձ մոտ։ Զորացրվող անձնակազմին դեպի հայրական օջախներ ճանապարհելու համար աջ դարձ, քայլով մարշ»։
Սուրիկ Միրզոյանն ու Աշոտ Նահապետյանը Արարատ քաղաքից են։ Երկու տարի այստեղ են ծառայել։ Հարազատներն են եկել նրանց տուն տանելու։ Հարցազրույցից հրաժարվում են, կատակում ենք՝ հրամանատարին կասենք։ Հակադարձում են՝ արդեն զորացրվել ենք։ Այնուամենայնիվ Սուրիկը ավելի անմիջական գտնվում․
«Ծառայությունը լավ է անցել, դժգոհ չենք։ Նպատակներ հիմա կոնկրետ չունեմ, ընթացքում կլինեն, կիրականացնեմ։ Անպայման պիտի սովորեմ։ Առանց դրա չի լինի»։
Տոնական միջոցառումը շարունակվում է հանդիսավոր տողան-քայլերթով։ Խրոխտ քայլում են հայրենիքի պաշտպանները՝ բոլորիս վստահեցնում, որ մեր սահմաններն անառիկ են։