Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացումը դանդաղեցրել է ԱՄՆ բնակչության աճը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության խստացումը հանգեցրել է երկրի բնակչության աճի տեմպերի կտրուկ դանդաղեցմանը, գրում է NBC News-ը։

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն՝ երկրի բնակչությունը 2025 թվականին մոտեցել է 342 միլիոնի, սակայն տարեկան աճը կազմել է ընդամենը 0,5% այն դեպքում, երբ 2024 թվականին ցուցանիշը մոտ էր 1%-ի։ Դրա առանցքային գործոն է դարձել միգրացիոն ներհոսքի կտրուկ նվազումը. զուտ աճը ներգաղթի հաշվին նվազել է 2,8 մլն-ից մինչև 1,3 մլն մարդ: Ընթացիկ միտումների պահպանմամբ այն կարող է ընկնել մինչև 321 հազարի:

Ժողովրդագրական այս տեղաշարժերի ֆոնին Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը քաղաքական ճգնաժամի աղբյուր է դարձել այն բանից հետո, երբ Մինեապոլիսում ԱՄՆ երկու քաղաքացի էր մահացել դաշնային միգրացիոն գործողությունների ժամանակ: Կոնգրեսում մի շարք հանրապետականներ սկսել են զգուշանալ ուժայինների գործողություններից՝ միաժամանակ խուսափելով նախագահին ուղղակի քննադատելուց, հաղորդում է BBC-ն:

Սենատոր Ռենդ Փոլը կոչ է արել ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) ղեկավարությանը ցուցմունք տալ Կոնգրեսում, իսկ սենատոր Լիզա Մուրկովսկին հայտարարել է, որ գործակալները ուժ կիրառելու «քարտ-բլանշ» չունեն: Իր հերթին սենատոր Թոմ Թիլիսը պահանջել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հրաժարականը՝ նրա գործողություններն անվանելով «գերատեսչությունը վարկաբեկող»: Սակայն Սպիտակ տունը հաստատել է, որ Թրամփը պահպանում է վստահությունը նրա նկատմամբ:

Ըստ New York Times-ի՝ ամերիկացիների 61%-ը կարծում է, որ ICE-ի մարտավարությունը «չափազանց հեռուն է գնացել» չնայած այն հանգամանքին, որ հարցվածների մոտ կեսը դեռ աջակցում է անօրինական միգրանտների արտաքսմանը և սահմանային խիստ վերահսկողությանը:

Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպերից հետո Թրամփը մեղմացրել է հռետորաբանությունը, սահմանային քաղաքականության համադրող Թոմ Հոմանին ուղարկել է քաղաք՝ դեէսկալացիայի համար և բանակցություններ վարելու նահանգի և քաղաքի ղեկավարության հետ: Փորձագետները նշում են, որ ժողովրդագրական տվյալներն ու Մինեապոլիսի իրադարձություններն արտացոլում են միգրացիոն քաղաքականության խստացման կրկնակի ազդեցությունը՝ բնակչության աճի դանդաղումը և միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանրապետականների վրա ներքաղաքական ճնշման ուժեղացումը:

Leave a Comment