Հունվարի 27-ին Վեհափառի որոշմամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը վիճարկում է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինության որոշումը, խոչընդոտում թեմի բնականոն գործունեությունը, ստեղծում ներեկեղեցական կյանքին պետական կառույցների միջամտության հիմքեր:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան անվամբ:
Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը դեռ չի տեսել Սարոյանի հայցը և դատարանի որոշումը։
«Այդ մասով ոչինչ չեմ կարող պատասխանել, քանի որ դատարանի որոշումը բառացի չեմ տեսել: Ինքնին, նման որոշումը մենք համարել ենք ոչ իրավաչափ»,- ասաց նա:
Իրավաբանի կարծիքով՝ կարգալուծության հարցերի մեջ մտնելը, անգամ այս իշխանությունների պարագայում չափազանցություն է, քանի որ դրա հիմնավորումն իրավական տեսանկյունից անիրավ է:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Արման Սարոյանը կարող է նորից հայց ներկայացնել դատարան, պահանջելով, որ այս անգամ էլ իրեն կարգալույծ չանեն, Մելիքյանը պատասխանեց․ «Հայաստանում այժմ ոչինչ չի բացառվում, բայց նման որոշումը կլինի ավելի հակասահմանադրական և զավեշտալի»:
Նշենք, որ Գևորգ եպիսկոպոսը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իր պաշտոնը: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, մինչ վերջնական դատական ակտի հրապարակումը ժամանակավորապես վերականգնել է Սարոյանի իրավունքները թեմի առաջնորդի պաշտոնում: