Տիգրան Չուհաճյանից մինչև Բաբաջանյան․ հայ քայլերգերի պատմությունը Հանրային ռադիոյի ձայնային պահոցում․ «Արդեն 100 տարի»

Դեռ հին Հունաստանում և Հռոմում ամենատարբեր միջոցառումներ ուղեկցվել են երաժշտությամբ: Անգամ ամֆիթատրոններում, երգչախմբերը հանդիսականին են հայտնվել երաժշտության հնչյունների տակ՝ հստակ քայլքով: Քայլերգեր հնչել են, անշուշտ, հաղթական երթերի և սգահանդեսների ժամանակ: Հստակ կշռույթ՝ ռիթմ ունեցող այս երաժշտությունը սովորաբար կատարվել է փողային և հարվածային գործիքներով:

Քայլերգերի կառուցվածքը հնարավորություն է տալիս համաժամանակեցնել բազմության շարժումը՝ դրանք կլինեն զորք կամ արարողությունների մասնակցող այլ խմբեր: Ժամանակի ընթացում կոմպոզիտորները քայլերգերով հարստացրին նաև սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային և բալետային արվեստը, ինչպես դա արեց օրինակ՝ Բեթոհվենը Հերոսական 3-րդ սիմֆոնիայում, Շոպենը՝ Սոնատ N 2-ում, Գուստավ Մալերը և ուրիշներ:

Արամ Խաչատրյանը «Գայանե» բալետ ներմուծեց քայլերգի հատվածը: 1964թ. Հայաստանի ռադիոյում, դիրիժոր Հակոբ Ոսկանյանի ղեկավարությամբ, ձայնագրվեց կոմպոզիտոր Հրաչյա Մելիք Մուրադյանի, ցավոք սրտի, այսօր մոռացված «Կարմիր գլխարկ» բալետը՝ քայլերգի մի ուրախ հատվածով: Քայլերգեր գրվել են նաև բազմաթիվ  շարժանկարների համար: Անշուշտ, առաջին բանը որ հիշում ենք «Նվագախմբի տղաները» ֆիլմն է, Գևորգ Արմենյանի հոյակապ երաժշտությամբ:

Բայց դրանից առաջ Էդուարդ Միրզոյանն էր, որ «Երբ քեզ հետ են ընկերները» ֆիլմի համար գրեց  կատակային մի քայլերգ: Եվ այն Հայաստանի ռադիոյում ձայնագրվեց սրանից 70 տարի առաջ՝ 1955թ.: 1962 թ. Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված և աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին նվիրված «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմում հնչում է Կոստանդին Օրբելյանի գրած գեղեցիկ երաժշտությունը՝ իր քայլերգով:

1978թ. ռադիոյում ձայնագրվեց Առնո Բաբաջանյանի հրաշալի քայլերգը, որ ժամանակի պահանջով կոչվում է «Սովետական միլիցիայի քայլերգ»: Այն ձայնագրվել է 1978 թ.: 

Ինչևէ՝ Հանրային ռադիոյի ձայնային պահոցում հայ կոմպոզիտորների ստեղծած հրաշալի քայլերգերի մի մեծ շտեմարան կա և դրա լավագույն նմուշը Տիգրան Չուհաճյանի «Զեյթունցիների քայլերգն» է:  

Leave a Comment