28 հունվարի 2026 – 14:49 AMT
PanARMENIAN.Net – ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության «Հայաստան» խմբակցությունից անդամ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով քննադատություններին, թե նախօրեին ընդունված բանաձևը պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալում է համարվում, ասել է, որ ԵԽԽՎ-ում տեղյակ են, թե ինչ է կատարվում ՀՀ-ում՝ «քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, բայց ունեն իրենց առաջնահերթությունները»:
«Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը ընդդիմության տապալումն է, ապա, ուրեմն, պետք է ընդդիմության տապալում համարել այն, որ Արևմուտքը ամբողջությամբ պաշտպանում է այս իշխանություններին։ Դա, կարծում եմ, որևէ մեկի համար նորություն չէ»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:
Նա նշել է, որ, եթե որևէ մեկը հետևել է Եվրախորհրդի նիստերին, կտեսնի, որ այստեղ հակառուսականությունը գլխավոր տեղ ունի։
«Այս մթնոլորտում, որտեղ այս կառույցը քաղաքական դիրքորոշում ունի, ամբողջությամբ հակառուսական ընթացք է իրականացնում։ Սա է իրենց համար գլխավորը։ Եվ սրանից օգտվում են ՀՀ գործող իշխանությունները՝ ներկայացնելով իրենց իբրև թե եվրոպական արժեքներ կրող, բայց իրականում մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում երկրում։
Մենք դժգոհ ենք բանաձևում առկա ձևակերպումներից՝ նախևառաջ այն պատճառով, որ զեկույցը ներկայացնելուց առաջ պահանջվում էր, որ մոնիթորինգի համանախագահների այց կատարվի ՀՀ, սակայն անհասկանալի և անընդունելի պատճառաբանություններով այդ այցը չեղարկվել է։ Նրանք կարող էին հետաձգել այցը, քանի որ որպես պատճառաբանություն ներկայացվել էր համանախագահներից մեկի հիվանդությունը․ անդամներից մեկը հիվանդանոց էր պառկել, բայց հիմա արդեն այդ անձը հիվանդանոցից դուրս է եկել, այդուհանդերձ այդ այցը տեղի չի ունեցել։
Մենք սրա վերաբերյալ մեր դժգոհությունը ներկայացրել ենք իրենց։ Մենք ստիպված ենք եղել առանձին հանդիպումներ ունենալ մոնիթորինգի համազեկուցողների հետ, ամբողջությամբ փոխանցել ենք իրենց, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իրենք լավ տեղյակ են ամեն ինչից՝ քաղբանտարկյալների առկայությունից, եկեղեցու նկատմամբ հալածանքներից և արշավից, և այս ամենը իրենք շատ լավ գիտեին, բայց, ինչպես ասացի, իրենց համար գերակա է քաղաքական դիրքորոշումը՝ ամեն գնով պաշտպանել այս իշխանություններին, և սա որևէ մեկի համար ոչ գաղտնիք է, ոչ էլ նորություն»,-ասել է նա:
Ռուստամյանի դիտարկմամբ՝ բանաձևում կան մի շարք ձևակերպումներ, որոնք, թեև թերևս շոշափում են իրական խնդիրները, բայց ձևական բնույթ են կրում։
«Այս ֆոնին բանաձևում փորձում են նաև որոշ հայտարարությունների մեջ ընդգծել այն հանգամանքը, որ գոյություն ունի անհասկանալի լարվածություն վարչապետի և եկեղեցու ղեկավարության միջև։ Միաժամանակ խոսել են վարչական ռեսուրսը չարաշահելու մասին՝ ընտրությունների նախաշեմին և այլ հարցերի մասին․ սրանք էլ բանաձևի մյուս, այսպես ասած, «երեսն» են, որոնք կարելի է տեսնել, որ համապատասխան են իրականությանը»,-ասել է նա:
Ռուստամյանը վստահ է՝ Արևմուտքի մոտեցումներն պայմանավորված են քաղաքական կողմնակալությամբ։
«Մնացածը, ընդհանուր առմամբ, իրենց քաղաքական դիրքորոշումից է բխում, այն է՝ Արևմուտքը անվերապահ աջակցում է այս իշխանություններին հայտնի պատճառներով»։
Նա ընդգծեց, որ ամենամտահոգիչը թերևս այն է, որ իրենք խոսում են հաղորդումների մասին՝ կապված եկեղեցու դեմ պայքարի հետ, և դա իրենց մտահոգում է, մինչդեռ պետք է ոչ թե հաղորդումներով առաջնորդվեն, այլ Եվրախորհրդի մանդատի ներքո կարող էին գալ, տեղում և ամբողջությամբ իրենց աչքերով տեսնել ու գնահատել, այլ ոչ թե առաջնորդվել ինչ-որ հաղորդումներով։
«Իրենք պարզապես չեն ուզում գալ տեղում տեսնել, թե ինչ է իրականում կատարվում։ Սա է ամենաանընդունելին այս ամենի մեջ, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ եկեղեցու դեմ արշավի մասին ձևակերպումներ կան»,- նշել է նա։
Վերջում Ռուստամյանը շեշտել է, որ ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչները շարունակելու են բարձրացնել այդ հարցերը և կոչ են անում մոնիթորինգի համազեկուցողներին լսել ոչ միայն իշխանություններին, այլ նաև ընդդիմադիր տեսակետը:
«Մենք փորձելու ենք նրանց մղել, որ առնվազն ադեկվատ լինեն, լսեն ոչ միայն իշխանական թիմին և առաջնորդվեն ոչ միայն նրանց հաղորդումներով, այլ նաև ընդդիմության կարծիքով։ Ի վերջո, իրենք գրասենյակ ունեն Հայաստանում, թող գնան ուսումնասիրեն այդ ֆարս դատերը։ Այսինքն՝ շատ ասելիք կա իրենց, քանի որ այսպես չի կարող վարվել մի կառույց, որը փորձում է ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնել»,- ընդգծել է նա։
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» վերնագրով բանաձևում մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդի միջև լարվածությամբ»:
Բանաձևին Հայաստանին առնչվող հատվածում եկեղեցուն ևս մեկ անդրադարձ կա՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»:
ԵԽԽՎ-ն մտահոգված է նաև ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ծայրահեղ բևեռացմամբ և կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ որպեսզի «ընտրարշավը զերծ մնա ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»: