Ախթալա-Շամլուղի հանքերի 50 հորատողներ արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում։ Գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին ու բարդությանը։
Լոռու մարզից բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նշում է, որ գործադուլի մասնակիցները ստորգետնյա տարածքում աշխատանք իրականացնողներ են։ Նրանց գործը ծանր է և ռիսկային, հետևաբար նա բնական է համարում աշխատակիցների կողմից նման հարցի բարձրացումը։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպումներ եղել են գործարանի ղեկավարության հետ, սակայն կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Ախթալա համայնքի ղեկավար Սևակ Սարգսյանը հետևում է իրավիճակին։ Նրա խոսքով՝ հանքավայրի գործունեությունը կենսական նշանակություն ունի համայնքի համար, քանի որ այն ապահովում է շուրջ 500 աշխատատեղ։ Ըստ նրա տեղեկությունների՝ հանքավայրն այս պահին դեռ գործում է, 450 աշխատակից աշխատանքի է։ Սակայն, եթե հորատողները չվերադառնան իրենց պարտականություններին, կարող են լուրջ արտադրական խնդիրներ առաջանալ։
«Աշխատավարձի բարձրացման խնդրի մասին աշխատակիցներն անընդհատ են խոսել: Տեսնենք՝ ինչպես կլուծվի այս հարցը։ Այնպես չէ, որ հիմնարկի ղեկավարությունը դա չի ընդունում. ուղղակի իրենք ասում են, որ ժամանակին պղինձն էժան է եղել, իրենք աշխատել են վնասով, հիմա գինը բարձրացել է՝ կամաց վերականգնում են վնասը։ Ասում են՝ ժամանակի ընթացքում կվերանայենք, կբարձրացնենք ձեր աշխատավարձը, բայց դե երկար ժամանակ ասել են ու չեն արել, աշխատակիցներն էլ հիմա բողոքում են»,- նշեց Սարգսյանը։
Համայնքի ղեկավարը շեշտում է, որ հարցը պետք է օր առաջ լուծում ստանա՝ խուսափելու համար հետագա բարդացումներից։