ԱՄՆ-ն ազատ է արձակել Mariner լցանավի անձնակազմի երկու ռուս անդամներին․ Զախարովա

Քաղաքականություն

28.01.2026 | 14:39

ԱՄՆ-ն ազատ է արձակել առգրավված Mariner լցանավի անձնակազմի երկու ռուս անդամներին։ Նրանք արդեն դեպի Ռուսաստան ճանապարհին են, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է The Insider-ը։

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հունվարի 7-ին Հյուսիսային Ատլանտիկայում կալանել էր «Mariner» լցանավը։ ԱՄՆ-ը պնդում է, որ լցանավը ներգրավված է եղել վենեսուելական նավթի անօրինական առևտրում։ Նախկինում «Bella 1» անվամբ նավը կարողացել է հեռանալ Վենեսուելայի ափերից՝ խուսափելով ԱՄՆ ռազմածովային շրջափակումից։ Այնուհետև լցանավը խուսափել է առափնյա պահպանության հետապնդումից, փոխել անունը «Mariner» և գրանցվել  Ռուսաստանի դրոշի ներքո։

Նավի անձնակազմում ներառված են Ռուսաստանի երկու, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Այն պատկանում է ռուսական «Բուրևեստմարին» ընկերությանը, իսկ դրա սեփականատերը՝ Իլյա Բուգայը, Ղրիմի նախկին բնակիչ է, որը հետագայում տեղափոխվել է Մոսկվա։

Նավի կալանքից երկու օր անց Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան դիմել է ԱՄՆ վարչակազմին՝ ռուսներին ազատ արձակելու խնդրանքով, որից հետո նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան որոշում է կայացրել։

Այնուամենայնիվ, հունվարի 20-ին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը դժգոհել էր, որ նրանք դեռևս ազատ չեն արձակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment