Բանակը ոչ միայն պետք է պաշտպանի, այլ նաև՝ լինի պաշտպանված՝ պետության հոգատարությամբ. Մանե Թանդիլյան

Բանակը սոսկ զինանոց չէ։ Այն չի չափվում միայն տեխնիկայով, հրամանների կոշտությամբ կամ շքանշանների առատությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Բանակը մարդն է։ Մարդու կամքը, լռությունը, պատասխանատվությունը։

Բանակը զարկերակ ունի։

Այն արագանում է, երբ վտանգ է զգում և հանդարտվում, երբ խաղաղություն է։

Որովհետև բանակը կենդանի օրգանիզմ է՝ զգում է վտանգը և իր վրա է վերցնում հարվածը անգամ այն դեպքում, երբ պաշտպանված չէ այնպես, ինչպես հարկն է։

Քանի որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ մոռացել է, որ ԲԱՆԱԿԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ։

Բանակը նաև լռությունն է, որտեղ ավելի շատ արիություն կա, քան ցանկացած խոսքում, իսկ այդ լռության մեջ՝ ցավ իրենց ընկած ընկերների համար, կորստի հիշողություն և պատասխանատվություն՝ երկրի և նահատակված զինակիցների առաջ։

Բանակի ուժը միայն մարտական պատրաստվածության մեջ չէ։ Նրա ուժը մայրերի անհանգստության, կանանց սպասման և ժամանակից շուտ մեծացած երեխաների մեջ է, որոնք վաղ են հասկացել, թե ինչ է նշանակում ուժեղ լինել։

Հեշտ է բանակի մասին խոսել բարձրագոչ, բայց դժվար՝ խոսել ազնիվ։ Քանի որ ստիպված կլինես համաձայնել, որ բանակը ոչ միայն պետք է պաշտպանի, այլ նաև՝ լինի պաշտպանված՝ պետության հոգատարությամբ, հասարակության հարգանքով, մարդկային կյանքի արժեքի գիտակցմամբ։

Սակայն հայոց հերոսական բանակը՝ հայ զինվորը, անսասան ու կանգուն է մնացել նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ չի եղել, որ պետությունը կանգնած է իր թիկունքին։ Ու այսպես շարունակել չի կարելի։

Հայոց բանակի զինվորը պետք է վստահ լինի, որ իր կյանքը արժեք է, ոչ թե վիճակագրություն։

Որովհետև ԲԱՆԱԿԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ։

Եվ երբ պաշտպանված են մարդիկ, պաշտպանված է նաև Հայաստանը»,-գրել է նա:

Leave a Comment