Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևորականների հետ այցելել է «Եռաբլուր»։ Այցի ընթացքում վեհափառը ծաղիկներ է խոնարհել հերոսների շիրիմներին և աղոթք բարձրացրել նրանց համար։
«Ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված՝ մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը։ Աստված օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ»,- ասել է կաթողիկոսը։
Հունվարի 28-ին լրանում է Հայկական բանակի կազմավորման 34-ամյակը։ 1992 թվականին այս օրը կառավարությունն ընդունել էր «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ իրավաբանորեն նշելով Հայկական ազգային բանակի ստեղծումը։
Բանակի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը կլուծվի սահմանազատման միջոցով։
