Թրամփը հայտարարել է՝ «մեկ այլ գեղեցիկ նավատորմ» է շարժվում դեպի Իրան

Քաղաքականություն

28.01.2026 | 12:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկ այլ ամերիկյան ռազմական նավատորմ է մոտենում Իրանի ճանապարհին, գրում է DPA-ն։

«Այս պահին Իրանի ուղղությամբ լողում է ևս մեկ գեղեցիկ նավատորմ։ Այնպես որ՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն»,- Այովա նահանգում ունեցած ելույթում ասել է Թրամփը։

Հստակ չէ՝ արդյո՞ք Թրամփը նկատի է ունեցել USS Abraham Lincoln ավիակիրը և ուղեկցող ռազմանավերը, որոնք երկուշաբթի արդեն ժամանել են Մերձավոր Արևելք, թե՞ ԱՄՆ այլ ռազմական ուժերի մասին է խոսքը։

Միաժամանակ, ԱՄՆ զինված ուժերի պատասխանատու տարածաշրջանային հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Մերձավոր Արևելքում բազմօրյա ռազմաօդային զորավարժությունների մասին։

Վերջերս Թրամփը հրաժարվել էր բացառել ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտությունը՝ բողոքի ցույցերի բռնի ճնշման հետևանքով, որը, ըստ իրավապաշտպան խմբերի և ականատեսների, հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան։

Axios-ին էլ տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ Իրանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լարվածության դիվանագիտական ​​լուծմամբ։ Իրանի հետ իրավիճակը «փոփոխական» է, քանի որ ԱՄՆ-ը մեծ նավատորմ է ուղարկել տարածաշրջան, ասել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment