Իրանի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են աջակցել ցանկացած խաղաղ գործընթացի

Իրանի իշխանությունները ողջունում են ցանկացած գործընթաց, որը կանխում է պատերազմը և տանում դեպի խաղաղություն, երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Պեզեշքիանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս ցանկացած գործընթացի օգտին, որը տանում է դեպի խաղաղություն, հանգստություն և հակամարտությունների ու պատերազմների դադարեցում միջազգային իրավունքի շրջանակներում, և երկրի ու նրա ժողովրդի իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքով», – մեջբերում է Իրանի նախագահի գրասենյակը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հրապարակված կոմյունիկեից:

Պեզեշքիանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու, անցյալ տարվա հունիսին պատերազմ հրահրելու և վերջին ցույցերին աջակցելու համար:

«Նրանք կարծում էին, որ կարող են Իրանը վերածել Սիրիայի կամ Լիբիայի», – ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ նման ենթադրությունները բխում են «Իրանի ժողովրդի ճշմարտության, բնության և մեծության ոչ բավարար ըմբռնումից»:

Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:

Leave a Comment