Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայ համայնքի և իր թեմի քահանաների ճնշման ներքո է համաձայնել մասնակցել Ավստրիայում փետրվարի 16-19-ին կայանալիք եպիսկոպոսաց ժողովին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրան կանգնեցրել երկընտրանքի առջև՝ կա՛մ շարունակել հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ կդադարեցնեն թեմակալ առաջնորդությունը։ Նա սակայն չի հրաժարվել եկեղեցու «բարենորոգման» խորհրդին իր մասնակցությունից։
Հովնան արքեպիսկոպոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել ներկա և նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:
Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։
