Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում գրանցված մահացու Նիպաh վիրուսի բռնկումը ստիպել է մի շարք ասիական երկրների իշխանություններին խստացնել Հնդկաստանից ժամանող ուղևորների սանիտարական ստուգումները, գրում է BBC-ին։
Հիվանդության տարածումը կանխելու նպատակով Թաիլանդը սկսել է ստուգումներ իրականացնել երեք օդանավակայաններում, որոնք ընդունում են Արևմտյան Բենգալիայից ժամանող չվերթներ։
Նեպալում վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն Կատմանդուի միջազգային օդանավակայանում, այլև Հնդկաստանի հետ ցամաքային սահմանային անցակետերում։
Առողջապահական վերահսկողությունը ուժեղացվել է նաև Ղրղզստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում, որտեղ սահմանային անցումներում իրականացվում են լրացուցիչ սանիտարական ստուգումներ։
Հունվարի սկզբին Արևմտյան Բենգալիայում Նիպաh վիրուսով վարակվել է հինգ առողջապահական աշխատող, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։
Վարակակիրների հետ շփում ունեցած շուրջ 110 մարդ մեկուսացվել է։ Նիպահ վիրուսը կենդանիներից կարող է փոխանցվել մարդկանց։ Քանի որ հիվանդության դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում ներկայումս գոյություն չունի, մահացության մակարդակը գնահատվում է բարձր՝ 40-ից 75 տոկոսի սահմաններում։
Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում Նիպահ վիրուսի դեպքեր չեն գրանցվել։
«Խուճապի մատնվելու պատճառ չկա։ Երկրի առողջապահական համակարգը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած համաճարակաբանական սպառնալիքի»,-հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ սահմանային սանիտարական հսկողությունը խստացվել է հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով։
Ուզբեկստանի իշխանությունները նույնպես հայտնել են, որ երկրում վարակման դեպքեր չեն արձանագրվել՝ նշելով, որ Նիպահ վիրուսի ներթափանցման հավանականությունը «շատ ցածր է»։