ՀՀ-ն պետք է ունենա ուժեղ բանակ, գայթակղիչ չլինի ագրեսիայի համար. Փաշինյան

Չնայած Հայաստանը պետք է ունենա ուժեղ բանակ, սակայն այն չպետք է գայթակղիչ լինի ագրեսիայի համար. ՀՀ-ն պատերազմի չի պատրաստվում, ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում, և որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր», – նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին հսկայական ներդրումներ ու բարեփոխումներ են կատարվել բանակում, այդ թվում՝ հսկայական քանակությամբ ժամանակակից, աննախադեպ որակի և պարամետրերի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:

Վարչապետն արձանագրել է՝ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի և չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

«Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձևը, որն արձանագրված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում, և խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում», – հավաստիացրել է նա։

Փաշինյանը նաև պնդել է, որ մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել  պաշտպանական համակարգում։ Բայց միաժամանակ, նա ընդգծել է՝ ՀՀ-ն պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու, իսկ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված:

«Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։ Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք», – եզրափակել է գործադիրի ղեկավարը։

Leave a Comment