Կյանքին ասել «այո». ինչպես են որդեկորույս հայ ընտանիքները որոշում երեխա ունենալ

https://arm.sputniknews.ru/20260128/kjanqin-asel-ajvo-inchpes-en-vordekvorujs–haj-yntaniqnery-vorvoshum-erekha-unenal-98144087.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_142:0:2873:2048_1920x0_80_0_0_4132916c78a75a5993b1531dacf755e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բժիշկ, պատերազմ, երեխա, ընտանիք, ծնող, կին

հայաստան, բժիշկ, պատերազմ, երեխա, ընտանիք, ծնող, կին

Բաժանորդագրվել

Պատերազմում որդիներ կորցրած բազմաթիվ ընտանիքներ ուժ են գտնում և ոչ միայն շարունակում են ապրել, այլև որոշում են նոր կյանք պարգևել: Sputnik Արմենիան այդ թեմայով զրուցել է բժիշկ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Որդեկորույս ընտանիքները, որպես կանոն, նոր երեխա ունենալու որոշումը չեն կայացնում զոհվածին «փոխարինելու» համար, այլ փորձում են վերադառնալ ողբերգությունից առաջ ունեցած կյանքին` լցված իմաստով, ձայներով ու գույներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում գործում է պետական ծրագիր, և զոհված զինծառայողների ծնողները կարող են կրկին երեխա ունենալ, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերջին տվյալներով՝ այս ծրագրի շնորհիվ 81 երեխա է լույս աշխարհ եկել:

Կյանքին ասել «այո՛»

Ըստ Բալայանի՝ կորուստ ապրած ընտանիքում երեխայի ծնունդը ոչ թե հայրենասիրական քայլ է կամ կորուստը լրացնելու փորձ, այլ գիտակցված ընտրություն՝ հօգուտ կյանքի, սիրո և հույսի: Նա այդ համոզմունքին է հանգել այդպիսի ընտանիքների հետ աշխատանքի ընթացքում:

«Մի ակնթարթում այդ մարդիկ կորցնում են կյանքի գույներն ու ձայները: Երեխայի ծնունդը նրանց համար կյանքի նոր իմաստ գտնելու և դրանից կառչելու փորձ է»,-ասում է բժիշկը:

Միաժամանակ ծնողներից շատերը նորածնի մեջ ակամա փնտրում են զոհված որդու դիմագծերը: Բայց բժշկի խնդիրն է ոչ թե օգնել, որ կորուստը «փոխարինեն», այլ հնարավորություն տալ, որ ընտանիքի կյանքը նոր իմաստով լցվի։

Բալայանն օրինակ է բերում է իր բուժառուներից մեկի՝ Սոնա Մանուկյանի պատմությունը: Ծննդաբերությունից հետո կինը խոստովանել է, որ շատ է կարոտում զոհված որդուն և կցանկանար նորածնին նույն անունով կոչել՝ Սամվել:

«Ես նրան միայն մի բան ասացի` այսօր ծնվել է Սամվելի կրտսեր եղբայրը` իր սեփական ճակատագրով, անունով ու կենսագրությամբ»,- պատմում է բժիշկը:

Երբ երեխային դրել են մոր կրծքին, նա նայել է փոքրիկին ու կամացուկ ասել. «Մանվել»: «Դա նրա ներքին ուժի պահն էր», – նշում է Բալայանը:

Երեխային զոհված որդու անունով կոչելու ձգտումը մասնագետը բնական ռեակցիա է համարում, ողբերգությունը չեղարկելու և անցյալին՝ «մինչ այդ» եղած կյանքին վերադառնալու փորձ:

Լռություն, որը չի կարելի խախտել

Բալայանի խոսքով` նման կանանց մոտ երեխաների ծնունդը սովորաբար ուղեկցվում է առանձնահատուկ լռությամբ, որը մյուսների ցավի հանդեպ հարգանքի դրսևորում է և տեղի ունեցած հրաշքի արձագանք:

«Այդ լռությունը չի կարելի լցնել բառերով: Նման պահերին ցանկացած բառ միայն արժեզրկում է այն, ինչ տեղի է ունենում»,- ընդգծում է նա:

«Դավաճանությո՞ւն», թե՞ ընտրություն

Բժշկի խոսքով՝ ոմանք, ովքեր երբևէ չեն բախվել նման ցավի, ևս մեկ երեխա ունենալն ընկալում են որպես դավաճանություն զոհված որդու հանդեպ: Սակայն Բալայանը շեշտում է, որ այդ պատկերացումը որևէ կապ չունի իրականության հետ:

«Նման ծնողներին անհնար է չճանաչել: Նրանց մատնում են աչքերը, որոնցում ընդմիշտ մնում է կորստի ցավը: Այդ աչքերը հնարավոր չէ շփոթել»,- ասում է նա:

Այս դեպքում երեխա ունենալու որոշումը դառնում է կյանքին «այո» ասելու ձև: Իսկական դավաճանությունը, ըստ բժշկի, կլիներ հանձնվելը, հուսահատությանն ու ցավին տրվելը:

Միևնույն ժամանակ Բալայանն ընդգծում է, որ հատկապես ցավ են պատճառում հերթապահ արտահայտությունները, օրինակ՝ «կյանքը շարունակվում է»:

«Նրանց համար ամենասարսափելին հենց այն է, որ կյանքը շարունակվում է, բայց արդեն առանց իրենց որդու»,- հավելում է նա:

Ուստի կյանքի շարունակությունը, ըստ մասնագետի, չի կարելի բառերով պարտադրել, կարելի է միայն զգուշորեն ցույց տալ՝ քայլ առ քայլ, կողքին մնալով:

Երբ հասկանում ես` ինչ է հրաշքը

Բալայանը վերարտադրողաբանի մասնագիտությունն անվանում է «աշխատանք հրաշքի մասին», որովհետև բժիշկներն ուղեկցում են մանրադիտակի տակ գտնվող էմբրիոնից մինչև նորածնի առաջին ճիչը տանող ամբողջ ճանապարհին:

«Երբ բուժառուներն ուղարկում են առաջին ատամիկի կամ դպրոցական առաջին օրվա լուսանկարները, անհնար է բառերով նկարագրել… Նման պահերին հատկապես պարզ ես հասկանում, թե ինչ է հրաշքը»,- ասում է նա:

Մասնագետը նշում է, որ իր աշխատանքի հիմքում ոչ միայն գիտելիքն է ու փորձը, այլև մարդասիրությունը՝ անկեղծ ցանկությունը անել հնարավոր ամեն բան, որ ևս մեկ կին վերագտնի կյանքի իմաստը։

Leave a Comment