Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով կալանավորվել է

Քաղաքականություն

27.01.2026 | 21:45

Ռուսաստանում Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հեռակա կարգով կալանավորվել է ռազմական «կեղծիքների» գործով (Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «գ» և «դ» կետեր)։ Current time-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը:

Քննության տվյալներով՝ Տիմոշենկոն, «ռուս զինծառայողների նկատմամբ քաղաքական և գաղափարական ատելությունից և թշնամանքից մղված, պատրաստել և իր սոցիալական ցանցերի էջում տեղադրել է մի հրապարակում, որը պարունակել է միտումնավոր կեղծ տեղեկություններ Բուչա և Իրպին քաղաքներում խաղաղ բնակիչների սպանություններին Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավվածության մասին»։

2024 թվականի հուլիսին Ռուսաստանի իշխանությունները Տիմոշենկոյի նկատմամբ հայտարարել էին միջազգային հետախուզում։

Միաժամանակ, Ուկրաինայում Տիմոշենկոն կասկածվում է Գերագույն ռադայի մի քանի պատգամավորներին «անօրինական արտոնություններ» առաջարկելու կամ տրամադրելու մեջ՝ որոշակի օրինագծերի օգտին կամ դեմ քվեարկելու դիմաց (Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասը):

Քաղաքական գործիչը գործն անվանել է «զուտ քաղաքական» և հերքել մեղադրանքները: Անցյալ շաբաթ նրա ազատ արձակման համար վճարվել է ամբողջ գրավը՝ ավելի քան 33 միլիոն գրիվնա (ավելի քան 760,000 դոլար):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment