Հետախուզությունը զեկուցել է Թրամփին՝ Իրանի կառավարությունը 1979թ․ հեղափոխությունից ի վեր ամենաթույլ կետում է. NYT

Քաղաքականություն

27.01.2026 | 20:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հետախուզական զեկույցներ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետության իշխանության դիրքերն ամենաթույլ կետում են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, որը տապալել է շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլավիին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը, փոխանցում է The Jerusalem Post-ը։

Լրատվամիջոցը, հղում անելով «տեղեկատվությանը ծանոթ մի քանի անձանց», գրել է, որ հետախուզական զեկույցները նաև ցույց են տալիս, որ Թեհրանի դիրքերը շարունակում են թուլանալ։ Այս հետախուզական հաղորդագրությունները հրապարակվել են կառավարության դեմ 30-օրյա համազգային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկզբում առաջացել էին տնտեսական խնդիրների և կենսամակարդակի բարձրացման հետ կապված դժգոհությունից, իսկ հետո տարածվել, երբ Իրանի կառավարությունը դիմել է բողոքի ակտիվության դեմ ինտենսիվ ճնշման։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (HRANA) տվյալները ցույց են տալիս, որ բողոքի ցույցերի ընթացքում հաստատվել է 6,126 մարդու մահը, որոնցից 5,777-ը ցուցարարներ են: HRANA-ն հավելել է, որ ևս 17,091 մահվան դեպք դեռևս քննության փուլում է։

Բացի այդ, HRANA-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի 30 օրվա ընթացքում իշխանությունները ձերբակալել են 41,880 անձի:

Հակառակ իրանցի պաշտոնյաների պնդումներին՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանների մասին տեղյակ երկու պաշտոնյաներ NYT-ին ասել են, որ հրամայվել է ճնշել բողոքի ցույցերը, և որ անվտանգության ուժերին հրահանգվել է օգտագործել մարտական ​​փամփուշտներ։

Երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ կիրակի առանձին-առանձին TIME-ին ասել են, որ հունվարի 8-ից 9-ը կարող է սպանված լինել 30,000 մարդ, ինչը հակասում է ուրբաթ օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Իրանի արված պաշտոնական հայտարարությանը, որտեղ նշվում էր 3,117 մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment