Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ  արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։

Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։

«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին, և մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարության օրակարգի առաջմղման գործում», – ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Leave a Comment