Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասին





Սպորտ


«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտոնապես անդրադարձել է թիմի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի շուրջ ստեղծված իրավիճակին և նրա՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխությանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «կապտանռնագույնների» 18-ամյա սանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ է կարիերան ֆրանսիական ակումբում շարունակելուն։

Catalunya Radio-ի եթերում Լապորտան հաստատել է լուրերը՝ նշելով, որ իրադարձությունների նման զարգացումն ակումբի համար անսպասելի էր։

«Մենք կխոսենք մանրամասների մասին, երբ ամեն ինչ վերջնականապես հստակեցվի։ Նա հայտարարեց, որ չի մնալու։ Դա մեզ համար տհաճ էր և անսպասելի», – նշել է Լապորտան։

Ակումբի նախագահը մանրամասնել է, որ կողմերն ի սկզբանե այլ պայմանավորվածություն են ունեցել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ, որը պետք է ուժի մեջ մտներ նրա 18-ամյակը լրանալուն պես։

«Մենք պայմանավորվել էինք կարիերայի շարունակության այլ տարբերակի շուրջ։ Սակայն, ի զարմանս մեզ, նրա գործակալը հայտնեց, թե մենք իբր չենք կարող կատարել համաձայնության մեր մասը», – պարզաբանել է Լապորտան։

Եզրափակելով խոսքը՝ Ժոան Լապորտան ընդգծել է, որ ակումբը կանի հնարավորը, որպեսզի գործարքն ավարտվի «Բարսելոնայի» շահերից բխող պայմաններով։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։





Leave a Comment