Այսօր՝ հունվարի 27-ը, ՔՊ-ական իշխանությունը սահմանել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Եռաբլուր այցելելու օր էին հռչակել, բայց հիմնականում միայն իշխանականները գնացին Եռաբլուր, որովհետև շատերս չենք ընդունում սրանց նշանակած հիշատակի օրը։ ՔՊ-ականները ուղերձներ են հղում․ Նիկոլը գրում է՝ յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում․ զոհվածի հարազատը հարց է տալիս՝ քո ընտանիքի անդամին էդպես հեշտ կզոհեի՞ր, ոնցոր իմ երեխուն ու հետո ասեիր՝ կարող էր և չզոհվել, ուղղակի զոհվեց, որ ինձ չասեն դավաճան։ Նիկոլի ասելիքի իմաստն այն է, որ՝ մեր ազգի զավակներն ընկել են, որ ՔՊ-ական գործարարն Ադրբեջանից բենզին բերի։ Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Կիսատ է ասում, պետք է շարունակեր՝ ՔՊ-ն պետք է շարունակի լավ ապրել, միլիոններով պարգևավճար ստանալ, պետբյուջեի հաշվին ամիսը երեք երկիր գնալ իր համար բացահայտելու։ Այ դա են անում, ուղղակի լավ կլիներ պարզաբանեին՝ այդ ամենը անելու համար իրենց խանգարում էր 5 հազար երիտասարդ կյա՞նք։
Վաղ առավոտից ոստիկանական զորքերը, ոստիկանական գվարդիան տարվել էին Եռաբլուր, որ հսկեն՝ Նիկոլը գնա ծաղիկ դնելու իր կողմից մահվան տարվածների շիրիմներին։ Անգամ դիպուկահարներ էին տարել։ Բայց Եռաբլուրում հերթապահում էին զոհերի հարազատները, ասում էին՝ եկել ենք հսկենք, որ Նիկոլը չպղծի մեր զավակների շիրիմները։ Նրանք արդեն 5 տարի է՝ իրենց զավալների շիրիմները փորձում են պաշտպանել այս իշխանությունից, ում համարում են գլխավոր մեղավոր։ ժողովուրդը համարում է, որ որքան Հիտլերը իրավունք ունի այցելելու Հոլոքոստի զոհերի հուշարձանին, Թալեաթը՝ Ցոեղասպանության զոհերի հուշարձանին, նույնքան էլ Նիկոլը՝ Եռաբլուր։ Նիկոլը գնացել էր սգալու, նույն այն զինվորների հիշատակը, ում ծնողներին իր հրամանով Եռաբլուրից քարշ էին տալիս։
Իրականում անհասկանալի է, թե ինչու են հունվարի 27-ը սահմանել հիշատակի օր։ Որովհետև երևի բացի հունվարի 27-ից, մյուս բազմաթիվ օրերի ՔՊ-ն սուգ է բերել, և ուրեմն կարող էր այդ օրերից մեկն էլ սահմանել հիշատակի օր։ Տարին սկսում է հիշատակի օրով․ 2023 թվականի հունվարի 19-ին 15 զինվոր զոհվեց, ինչը խաղաղ պայմաններում մեր բանակի ամենաողբերգական օրն էր․ դա էլ էր իշխանության մեղքով․ մեր զորանոցները հանձնել էր թշնամուն, պատշաճ զորանոցներ չէր կառուցել, ու զինվորը քնում էր խրճիթում։ Պաշտպանության նախարարը իրեն մեկից ավելի տուն էր գնել, բայց զինվորը մնալու տեղ չուներ։ Նիկոլն առաջին օրը հենց նշանակեց հիմնական վարկածը, մեղադրեց բենզինով վառարանը վառելու համար, այլ վարկած չքննեցին, ու 3 տարի գործը դոփում է տեղում։ Գլխավոր հարցի պատասխանը չկա՝ ինչո՞ւ է հայ զինվորը պահվել նման պայմաններում։ Հունվարի 27-ը կարող էր սահմանվել հիշատակի օր․ բայց այդ օրը անգամ սուգ չհայտարարվեց։
Հիշատակի օր կարող էր սահմանվել մայիսի 12-ը, երբ թշնամին ներխուժեց Հայաստան ու տիրացավ ավելի քան 40 քառակուսի կիլոմետրի, այդ թվում՝ Սև լճին, Վարդենիսի ոսկու հանքի մի մասին։ Հիշատակի օր կարելի էր սամանել սեպտեմբերի 12-ը, երբ թշնամին ներխուժեց Ջերմուկի հատվածից, ունեցանք տարածքային հսկայական կորուստներ, 224 զոհ։ Հիշատակի օր կարելի էր հայտարարել սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ամեն օր, որովհետև ամեն օր սրանք ասել են հաղթում ենք ու կոտորածի են տարել։ Հիշատակի օր կարելի էր սահմանել նոյեմբերի 9-ը՝ հայտնի փաստաթղթի օրը։ Կարելի էր հոկտեմբերի 9-ը ևս սամանել հիշատակի օր․ այդ օրը Փաշինյանը հրաժրվեց պատերազմը դադարեցնելու առաջարկից, ու այդ օրից ի վեր ունեցանք հազարավոր զոհեր։ Հիշատակի օր կարելի էր սահմանել հոկտեմբերի 6-ը, երբ Նիկոլը գնաց Պրահա ու ստորագրեց Արցախը հանձնելու թղթի տակ։ Ինչպես որ մենք ունենք Շուշիի ազատագրման օր, այնպես էլ պետք է հիշատակի օր սահմանել Շուշիի անկման օրը։ Հիշատակի օր կարելի է ընդունել օգոստոսի 25-ը, երբ Փաշինյանը հանձնեց Բերձորն ու Աղավնոն։ Հիշատակի օր կարելի էր սահմանել դեկտեմբերի 18-ը, երբ հայկական զորքը դուրս բերվեց Սյունիքում դիրքերից, և թշնամին ունեցավ առաջխաղացում։ Հիշատակի օր կարելի էր սահմանել սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա հարձակվեց Ադրբեջանը, սկսվեց էթնիկ զտումը։ Երկիրը, որտեղ 5 հազար տարի հայ էր ապրել, մեկ շաբաթում դատարկվեց, և ուրեմն այդ մեկ շաբաթվա յուրաքանչյուր օր կարելի էր սահմանել սգո օր։
Եթե ուզում եք իմանալ, սգո օր պետք է հայտարարել մայիսի 8-ը․ դա այն օրն է, երբ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ։ Հիշատակի օր կարելի է սահմանել նաև հունիսի 20-ը․ դա այն օրն է, երբ դա վերընտրվեց, ապա ունեցանք ավելի շատ կորուստներ, քան մինչ այդ էր։ Այս բոլոր օրերը Նիկոլը թողեց մի կողմ և զոհվածների հիշատակլի օր սահմանեց հունվարի 27-ը, այն բացառիկ օրերից է, որ Նիկոլի օրոք կորուստ չենք ունեցել․ դա էլ դարձավ հիշատակի օր։
Բայց արձանագրենք, որ սրանք պատճառով մեզ համար կարևոր նշանակություն ունեցող մ ի շարք օրերի իմաստն է կորել։ Վաղը հունվարի 28-ն է, բանակի օրը․ առաջ գնում էինք Եռաբլուր, հարգելու էն բոլորին, ովքեր նահատակվեցին և նրանց սխրանքներով հետ բերեցինք Արցախը։ Հիմա գնում ենք գլուխներս կախ, որովհետև սա ջուրը նետեց նաև առաջին պատերազմում զոհերի սխրանքը, իսկ Եռաբլուրը եռապատկեց զուտ նրա համար, որ իրեն չասեն դավաճան։ Առաջ Եռաբլուրից հետո գնում էինք շքերթի, միջոցառումների, հետո պարգևատրում էր։ Հիմա գնում ես Եռաբլուր, ու ուրիշ տեղ չկա գնալու։
Մայիսի 9-ը հաղթանակի օր էր, Նիկոլը նսեմացրեց այդ օրը։ Հուլիսի 5-ը՝ սահմանադրության օրը, սրանք նսեմացնում են՝ բազմիցս խախտելով, իսկ վերջում էլ՝ Ալիևի հրամանով փոխելով սահմանադրությունը․ սեպտեմբերի 21-ը կորցնում է իր խորհուրդը, քանի որ Հայաստանի անկախությունից ու ինքնիշխանությունից սրանք վաղուղ ոչինչ չեն թողել։ Իսկ մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության հռչակման օրը, սպառնում են չեզոքացնել թուրքերի հետ բարեկամական հուշարձաններով։
Սա, բնականաբար, չի մոռացվելու ու չի ներվելու․ անհնար է այսքան բան անել ու ներվել։ Հիմա ուղղակի ժամանակավոր սառեցվել է ու հետաձգվել պատիժը։
Երբեմն հիշում ենք մարտի 1 հրահրելու համար դատապարտված Փաշինյանի՝ 2010թ․ կալանավայրից գրած նամակը Վրաստանի ղեկավար Միխեյիլ Սաակաշվիլուն, որը Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելուց ու պարտվելուց հետո շարունակում էր պահել նախագահի աթոռը։ Նիկոլը նրան ասում էր՝ «Միշա, քո իշխանության շարունակելիությունը միայն խորացնելու է նախորդ տարվա օգոստոսից Վրաստանում ծայր առած դեպրեսիան, վրացիների կյանքը դարձնելու է պրկված ու նյարդային, խորացնելու է վախը արտաքին ագրեսիայի նկատմամբ, ծայր են առնելու հետապնդումներ, երբեք չի լինելու իրական, ժողովրդավարական կայունություն»։ Ասում էր՝ «Պետք է ունենաս բավարար պետականասիրություն` քո վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, քեզ պետք է պարտված ճանաչես՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա»։ Նիկոլն ասում էր՝ Սաակաշվիլու դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանը` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։
Կարճ ասած՝ իշխանությունը, որի օրոք սգի օրերն ավելացել են, զոհերի թիվը կրկնապատկվել է, իսկ հաղթանակի օրերը վերաիմաստավորվել են պարտության տրամաբանությամբ, այլևս չի կարող առաջնորդել ո՛չ Հայաստանի քաղաքացիներին, էլ չենք ասում՝ ազգը։ Քիչ առաջ ընթերցածս երկար գնահատականը իմը չէ, Նիկոլին է, և այն քիչ մտքերից է, որի հետ լիարժեք կարելի է համաձայնել։
Նիկոլը շարունակում է մնալ, և մեզ մոտ հենց այն իրավիճակն է, որը նա նկարագրում էր Վրաստանի պարագայում։ Սա արդեն իշխանություն չէ, այլ կորուստների ադմինիստրացիա։
Ժողովրդի ընկալումը հենց այսպիսինն է, և կարծում եմ՝ հենց դրա համար էլ ժողովուրդը պետք է պարտադիր գնա ընտրության ու իր ընտրությունը կատարի այն տրամաբանությամբ, որ ուզում է այդ ծանրությունը իր վրայից, ի վերջո, գցել, մատնանշել մեղավորին, որը ամեն օր ասում է՝ բոլորը մեղավոր են, բացի ինձնից։ Քաղաքացու քվեն լինելու է մեղավորներին պատժելու սկիզբը։
Սևակ Հակոբյան