Ստեփանյանը՝ վերադարձած արցախցիների մասին․ Նրանք չեն էլ իմացել, թե ուր են գնում՝ նստացրել են մեքենաները ու բերել Հակարի կամրջի մոտ

Ստեփանյանը՝ վերադարձած արցախցիների մասին․ Նրանք չեն էլ իմացել, թե ուր են գնում՝ նստացրել են մեքենաները ու բերել Հակարի կամրջի մոտ

27 հունվարի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեկնաբանել է վերջին տեղեկությունները՝ կապված Արցախում մնացած հայերի և նրանց տեղափոխման ընթացքի հետ՝ նշելով, որ տեղի ունեցածը չի կարող համարվել կամավոր տեղափոխություն։

Օրերս ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Թորոսյանը նշել էր, թե նրանք «դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։

«Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ նրանց կողմից խնդրանք չի եղել իրենց բերել Հայաստան, այդ մարդիկ անգամ չեն իմացել, թե ուր են գնում։ Նրանց պարզապես անսպասելի նստացրել են մեքենաները ու բերել են Հակարի կամրջի մոտ»,-ասել է Ստեփանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ ներկայումս Արցախում հնարավոր է մնացած լինի ընդամենը մեկ կամ երկու հայ։

«Մի կողմից Ադրբեջանը պնդում էր, թե Արցախում մնացած հայերը հանգիստ, հաշտ ապրում են իրենց կյանքով։ Այդ մասին վերջերս Ալիևը կրկին պնդել էր, բայց ինչպես որոշ ժամանակ անց պարզվեց, նրանք անձամբ չեն խնդրել իրենց տեղափոխել, դա եղել է իրենց կամքից անկախ։ Ես փորձում եմ տրամաբանություն գտնել, բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը, որ Ադրբեջանն այդպես վարվեց։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի համար շատ ձեռնտու էր ցույց տալ, իբր այդ մարդիկ շատ հանգիստ ապրում են այնտեղ՝ տպավորություն ստեղծելու համար, իբր մյուսները ինքնակամ են հեռացել և բռի տեղահանություն չի եղել։

Ըստ էության, այս գործողությամբ Ադրբեջանը կորցնում է իր «մարդասեր» երևալու հնարավորությունը, քանի որ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այնտեղ իսկապես ամեն ինչ լավ էր, ապա ինչո՞ւ մարդիկ, ովքեր որոշել էին մնալ, այնումանայնիվ, դուրս եկան Արցախից։ Մեր ունեցած տեղեկատվությունը շատ քիչ է ամբողջական պատկերն ունենալու համար, որ հասկանանք՝ ինչին էր միտված այդ քայլը»,-ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ չնայած ինքն անձամբ դեռ չի շփվել տեղափոխված անձանց հետ, որոշ տեղեկություններ ստացել է նրանց հարազատներից։

«Տեղափոխվածների մի մասը գտնվում է խնամքի կենտրոններում։ Գիտեմ, որ հոգեբանական վիճակի զննություն են անցել, որովհետև, ինչպես գիտեք, այնտեղ կային մարդիկ, ովքեր որոշակի խնդիրներ ունեին։ Իսկ մի մասն արդեն իրենց ընտանիքների հետ են»,-ասել է Ստեփանյանը:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ավելի վաղ ասել էր․ «Կապի մեջ չեմ եղել նրանց հարազատների հետ, բայց ենթադրելի է, թե ինչու են նրանք տեղափոխվել այստեղ․ դժվար ադրբեջանական տիրապետությունն այդքան հեշտ տիրապետություն լինի նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցողների ու տարեցների համար»:

2025-ին Ստեփանակերտում ձերբակալվել էր տեղի բնակիչ, 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը և նրան դատապարտել են 16 տարվա ազատազրկման։

Leave a Comment