Բոլորի համար ընդունելի եղավ այս օրը, որը հավաքական օր է իր խորհրդով, և շատ ճիշտ է, որ ԱԺ-ն հավանության արժանացրեց այս օրը, և սրանով արդեն իսկ ունենք հստակ օր այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին և օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ. ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այս օրը։ Որովհետև, եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ օր։ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել և հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօր զոհվածների շատ ծնողներ եկել էին, որ թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին այցելել իրենց որդիների շիրիմներին, փոխնախարարը նկատեց՝ չպետք է այդ տրամաբանությամբ մոտենալ, քանի որ բոլոր զոհվածները մեր եղբայրներն են։
Ըս Սարգսյանի՝ բոլորը բոլորի որդիներն են, ինքը բոլորին ընդունում է որպես հայրենիքի համար զոհվածների, և գալիս Եռաբլուր՝ խոնարհում ու հարգանքը մատուցելու։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչը» կոթողի մոտ, Արման Սարգսյանն ասաց՝ հնարավորություն չկա բոլոր գերեզմաններին մոտենալու և խոնարհելու, և Եռաբլուր զինվորական պանթեոնն իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ էլ և ծաղիկներ խոնարհվեցին։