15 մեքենա է բախվել Երևան-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ Factor TV-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Հունվարի 27-ին՝ ժամը 11։10-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասաց Սարգսյանը։

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ իրար է բախվել 15 տրանսպորտային միջոց։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ՝ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենաներից 2 քաղաքացու են դուրս բերել, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքեր։

Արփի Հակոբյան

Leave a Comment