ՔԿ-ն հաստատել է՝ Նարեկ Կարապետյանին առնչվող քրվարույթ է հարուցվել

ՔԿ-ն հաստատել է՝ Նարեկ Կարապետյանին առնչվող  քրվարույթ է հարուցվել

27 հունվարի 2026 – 13:15 AMT

PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն հաստատել է՝ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ կա հարուցված, հայտնում է «Փաստինֆոն»։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում»,- հայտնել են ՔԿ-ից:

Նշվում է, որ Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց:

«Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։

Միևնույն ժամանակ չի հստակեցվել, թե երբ է հարուցվել վարույթը, երբ Նարեկ Կարապետյանը դիմել էր բանակ զորակոչվելու, թե երբ սկսեց զբաղվել ակտիվ հանրային գործունեությամբ, քաղաքականությամբ։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին լուրեր էր շրջանառել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, թե քրեական վարույթը կապված է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու հետ։ Հրապարակմանը հաջորդեց «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակի արձագանքն այն մասին, որ Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։

Օրեր առաջ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, թե ինքը նախկինում դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով զորակոչել իրեն զինծառայության, սակայն ստացել է մերժում։

Leave a Comment