27 հունվարի 2026 – 13:06 AMT
PanARMENIAN.Net – Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները, հարազատները՝ թույլ չտալու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Այդ մասին ասել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը:
Նրա խոսքով՝ իրենք մերժում են նոր սահմանված հիշատակի օրը, հայտնում է Panorama.am-ը:
«Մեզ համար սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին որևէ բան չի ընդունվում պետական մակարդակով։ Չի՞ թողում ադրբեջանցին»,-ասել է նա:
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի գալը, համազգեստով, նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները էին եկել:
«Իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար։ Իրենք եկել էին ինչ-որ մի թուրքի թիկունքը պահելու, որ թուրքը, ազգի դավաճանը կարողանա մտնի Եռաբլուր, դուրս գա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Գևորգ Հարությունյանը պատմել է, որ ինքը եկել է խոչընդոտելու Փաշինյանին, իշխանության անդամներին մոտենալու իր տղայի շիրիմին։
«Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին։ Մեր տղերքն ուրիշ գաղափարի տեր են եղել, գիտենք՝ ինչի համար են գնացել, կյանքներն ինչի համար են տվել։ Չեմ ուզում որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը»,- ասել է նա։
Նրա տեղեկություններով՝ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, չի մոտեցել 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին, այլ միայն բարձրացել է դեպի 1990-ականների զինվորների շիրիմների հատվածը։
Հունվարի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի օրը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի։
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ինչպես նաև ծաղկեպսակ է տեղադրել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրին։