«Հանրապետություն» կուսակցությունը հայտնել է, թե ով է իր վարչապետի թեկնածուն

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն հունիսին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժի առաջնորդ Արամ Սարգսյանն է: Այս մասին Սարգսյանը տեղեկացրել է Ֆեյսբուքում:

Նա նշել է, որ Ազգային ժողովում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:

Կուսակցությունը հունվարի 22-ին հայտարարել էր ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

«Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրվել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր կողմից 2001 թվականին։ 2024 թվականի հունիսին կուսակցությունը մի շարք այլ քաղաքական ուժերի հետ միասին կոչ էր արել Հայաստանում անցկացնել հանրաքվե երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը և այլն: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանական էր համարել մասնակցությունը:

Leave a Comment