Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի համար մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին

Քաղաքականություն

27.01.2026 | 12:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնում է՝ 15-ից հասցնելով 25%-ի, գրում է CNN-ը։

«Քանի որ Կորեայի օրենսդիր մարմինը չի ընդունել մեր Պատմական առևտրային համաձայնագիրը, ինչը նրանց իրավասությունն է, ես բարձրացնում եմ Հարավային Կորեայից ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական և մյուս բոլոր փոխադարձ մաքսատուրքերի դրույքաչափը մինչև 25%-ի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Հստակ չէ, թե երբ են նոր մաքսատուրքերն ուժի մեջ մտնելու։

Սեուլը նախատեսում է «հանգիստ արձագանքել» և «պատրաստակամություն հայտնել՝ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի համաձայնագիրը կյանքի կոչելու» համար,  հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի խոսնակ Կանգ Յու Ջունգը։

Հարավային Կորեան ԱՄՆ-ի արտասահմանյան ապրանքների հիմնական աղբյուրներից է, որը 2024 թվականին Միացյալ Նահանգներ է առաքել 132 միլիարդ դոլարի ապրանքներ՝ ըստ Առևտրի նախարարության տվյալների: ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքները ներառում են ավտոմեքենաներ և դրանց պահեստամասեր, ինչպես նաև կիսահաղորդիչներ և էլեկտրոնիկա: Այս ապրանքները կարող են թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով։

Թրամփի այս հայտարարությունը հաջորդում է վերջերս հնչած մի շարք սպառնալիքներին, այդ թվում՝ կանադական ապրանքների համար 100 տոկոս մաքսատուրքի և Գրենլանդիայի հետ կապված իր ծրագրերին դեմ արտահայտվող երկրներից  ապրանքների համար լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment