Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Օդեսային. 22 մարդ է վիրավորվել

Քաղաքականություն

27.01.2026 | 11:37

Ռուսական զորքերը հունվարի լույս 27-ի գիշերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել ուկրաինական Օդեսային, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մանկապարտեզ, խանութ և շինհրապարակ։ Վիրավորվել է 22 մարդ, որոնցից 14-ը տեղում բժշկական օգնություն է ստացել։ Իրավիճակն առավել ծանր է Հաջիբեյ շրջանում, որտեղ ավերվել է բնակելի շենքի մի մասը․ փլատակների տակ մարդիկ կարող են լինել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է երեք մարդ լինել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են,։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ հունվարի 26-ի երեկոյան ռուսական հարձակման հետևանքով շրջանի շուրջ 80%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նա նշել է, որ վնասը «բավականին լուրջ» է։

«Դա համակցված հարձակում էր՝ հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքեր։ Երկու մարդ վիրավորվել է»,- հավելել է Սինեգուբովը։

Խարկովի արդյունաբերական շրջանում վնասվել է նաև երկու դպրոց։

Ռուսական զորքերը հունվարի լույս 27-ի գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել են 165 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 135-ը խոցվել է, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment