Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, եթե համաձայնվի զորքերը դուրս բերել Դոնբասից. Financial Times

Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, եթե համաձայնվի զորքերը դուրս բերել Դոնբասից. Financial Times

ԱՄՆ վարչակազմը Կիևին հասկացրել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն այն դեպքում, եթե նա համաձայնի զորքերը դուրս բերել Դոնբասից, գրում է Financial Times-ը։

«ԱՄՆ-ը կարծում է, որ պատերազմը դադարեցնելու համար Կիևը պետք է հրաժարվի Դոնբասից», – նշվում է հրապարակման մեջ։

Financial Times-ի տվյալներով՝ Սպիտակ տունը նաև հայտնել է, որ խաղաղ ժամանակ պատրաստ է խոստանալ Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ զինատեսակների մատակարարումներ, եթե Կիևը դուրս բերի զորքերը Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից։

Քննարկվող ամերիկյան երաշխիքները կարող են ներառել ձևակերպումներ, որոնք նման են ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հոդվածին, այդ թվում՝ հնարավոր հարձակման դեպքում համակարգված ռազմական արձագանքի խոստում։ 

FT-ի հետ զրույցում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ երաշխիքների հարցը ամեն անգամ հետաձգվում է հենց այն պահին, երբ դրանք հնարավոր կլիներ ամրագրել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պնդում է հստակ պարտավորությունների ստացումը նախքան որևէ տարածքային զիջումների քննարկումը։

Միևնույն ժամանակ Սպիտակ տանը պաշտոնապես հերքում է այս տեղեկատվությունը՝ այն անվանելով կեղծ։ ԱՄՆ վարչակազմի փոխխոսնակ Աննա Քելլին հայտարարել է, որ նման հրապարակումները խաթարում են խաղաղ գործընթացը՝ Աբու Դաբիում վերջերս տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։ ԱՄՆ-ի միակ դերը խաղաղ գործընթացում կողմերին մերձեցնելն է՝ գործարք կնքելու համար։ 

Leave a Comment