Զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։ Այս տարվանից հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է:
Փաշինյանը նշել է, որ երկրին պատահած աղետներից հետո ամեն օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը փորձել են գտնել հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն և ոչ թե կոտրող։
«Այս հարցին տրվել է հստակ և աներկբա պատասխան․ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Եվ, հետևաբար պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը», – շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով՝ իշխանություններն այսօր կենտրոնացած են հենց այս խնդրի վրա. «Երկրի հարատևությունը, պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ամրացնելը, երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք՝ մեր երկնային բանակին և ժպիտ ստանալ ի պատասխան»:
2024 թվականի հոկտեմբերին առաջարկվել էր հիշատակի օր սահմանել սեպտեմբերի 27-ը, սակայն այդ ժամանակ կառավարությունը մերժել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ Բանակի օրն արդեն ներառում է հայրենիքը պաշտպանելիս զոհված բոլոր անձանց հիշատակի ոգեկոչումը։
