
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։
Վեհաժողովն Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություն է հայտնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հետընթացի և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ ընդդիմախոսների։ Նաև ամրագրված է․ «Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։ Ինչպես նաև Վեհաժողովը վերահաստատում է, որ դատապարտում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից Վեհաժողովի բազմաթիվ անդամներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։